
Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի մարտի 18-ին, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 236 մլն եվրո գումարի չափով վարկ` Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածի 27 կմ երկարությամբ հատվածի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 13-ի արտահերթ նիստում: Այս մասին հայտնել են ԱԺ-ից:
Քննարկվել է ««ՀՀ եւ Ասիական զարգացման բանկի միջեւ դիմակայուն եւ ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագրի համար Ասիական զարգացման բանկի միջոցներից վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը:
Նշվել է, որ համաձայնագրի շրջանակում կառուցվող ճանապարհի արդյունքում կնվազի երթեւեկության տեւողությունը, կբարձրանան երթեւեկության հարմարավետությունն ու անվտանգությունը: Աշխատանքներն իրականացվել են կլիմայադիմացկուն շինարարության մեթոդների, կանաչ ճանապարհների սկզբունքների եւ շահագործման ու պահպանման լավագույն փորձի ներդրմամբ:
Հիմնական զեկուցողի ներկայացմամբ ծրագրի ներքո կներդրվի նաեւ կամուրջների կառավարման ժամանակակից համակարգ՝ բոլոր սարքավորումներով, ծրագրերով:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: