
Իրանից արձակվել է մոտ 100 հրթիռ՝ ուղղված Իսրայելի կենտրոնական և հյուսիսային շրջանների վրա՝ երկու հզոր հրթիռային ալիքով, որոնք զգալի վնասներ են հասցրել և վիրավորել 41 մարդու՝ ըստ Իսրայելի զինված ուժերի և արտակարգ ծառայության՝ «Մագեն Դավիդ Ադոմ»-ի (MDA):
MDA-ն հայտնել է երկու ծանր վիրավորի, երկու միջին ծանրության, չորս թեթևից մինչև միջին, իսկ մնացածը ստացել են թեթև վնասվածքներ կամ տրավմատիկ ախտանիշներ ունեն, այդ թվում՝ խուճապի նոպաներից։
Հրթիռների արձակումից հետո միացված են եղել օդային վտանգի ազդանշանները, ինչի հետևանքով միլիոնավոր բնակիչներ մեկ ժամից ավելի մնացել են ապաստարաններում։
Իսրայելի Պաշտպանության բանակի (IDF) խոսնակ Էֆֆի Դեֆրինը նշել է, որ հրթիռների մեծ մասը խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից կամ չեն հասել թիրախներին։ Նա ընդգծել է, որ վիրավորների մեծ մասն արձանագրվել է շենքերի ներսում, մի մասը՝ խոցված հրթիռների բեկորներից։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է.
«Իրանը կարմիր գծեր հատեց՝ համարձակվելով հրթիռներ արձակել Իսրայելի քաղաքացիական կենտրոնների ուղղությամբ։ Մենք կշարունակենք պաշտպանել Իսրայելի քաղաքացիներին»։
Նա նաև զգուշացրել է, որ «Իսրայելը կապահովի, որ Թեհրանը բարձր գին վճարի իր հանցավոր գործողությունների համար»։
Միևնույն ժամանակ, IDF-ն հերքել է իրանական լրատվամիջոցների հայտարարությունները, թե իբր Իրանը խոցել է իսրայելական կործանիչ և գերեվարել օդաչուին։
Առանձին հայտարարությունում IDF-ն նշել է, որ ուրբաթ օրը ավելի վաղ հարվածել է Իրանի ՌՕՈւ բազաներին արևմտյան Իրանում՝ մասնավորապես ոչնչացնելով Թավրիզի օդուժի բազան՝ առանց հավելյալ մանրամասների:
Նշվել է նաև, որ IDF-ն հարվածել և ոչնչացրել է իրանական տասնյակ հակաօդային պաշտպանության համակարգեր, անօդաչու թռչող սարքեր և հողի-հողի հրթիռային արձակման կայաններ։
«IDF-ն պատրաստ է շարունակել գործել՝ ըստ անհրաժեշտության», — ասվում է հայտարարության մեջ։ «IDF-ն մշտապես գնահատում է իրավիճակը և կշարունակի տրամադրել թարմացումներ»։
Էմմա Միքայելյան