Armenian text to speach

Երբ որևէ մրցույթ է լինում, պարտությունը փորձում են գցել մեկի վրա․ Ըմբշամարտի ֆեդերացիան արձագանքում է վեղադրանքներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ամենաթողությունն ու միանձնյա որոշումներ կայացնելու արատավոր մշակույթը մեր երկրում չեն վերացել( հակառակ բազում պնդումների) այլ ավելին`նոր արմատներ են գցել և օրեցոր մեր ականջների և աչքերի համար դառնում են սովորական, դա, թերևս,որևէ մեկի համար այլևս գաղտնիք չէ:
Սակայն այն, որ այդ երևույթները նաև տեղի են ունենում մեր երկրի դրոշն ու պատիվը բարձր պահող, մեզ համար կարևորագույն նշանակություն ունեցող ոլորտում` սպորտում, առնվազն մտածելու տեղիք պետք է տալ իրավասու մարմիններին:

ArmLur.am-ը ահազանգ է ստացել, որ ըմբշամարտի ֆեդերացիան դարձել է վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանի անձնական շահերն առաջ տանելու և միանձնյա որոշումներ կայացնելու դարբնոցը: Ահազանգողն ինքն է պնդել այդ մասին։

Ընդամենը օրեր առաջ Երևանում տեղի ունեցավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Բենուր Փաշայանի անվան 6-րդ միջազգային հուշամրցաշարը: Մրցաշարը մեր ըմբիշների համար ուղեգիր է դեպի մեծահասակների Աշխարհի առաջնություն: Կթվա, թե մրցաշարի նպատակը պետք է լիներ առավելագույնս արդար որոշումներ կայացնելն ու միջազգային մրցահարթակներ ուղարկելն այն ըմբիշներին, որոնք իրենց քաշային կարգերում դրսևորում են լավագույն արդյուքները, սակայն ամեն բան այլ է։

ArmLur.am-ին պատմեցին, որ Մրցաշարում 55 կգ քաշային կարգում գոտեմարտել են ըմբիշներ Նորայր Հախոյանն ու Մանվել Խաչատրյանը: Գոտեմարտի ընթացքում կողային մրցավար Ալբերտ Վարդանյանը միավորներով գնահատել է Նորայրին, սակայն Ալեքսանյանը մոտեցել է և բառիս բուն իմաստով բռնել մրցավարի ձեռքը: Դե իհարկե, ինչպե՞ս կարող էր վաստակավոր մարզիչը թույլ տալ, որ իր համաքաղաքացին պարտվի գոտեմարտում, չէ՞ որ ըմբաշմարտի ոլորտում բոլորին է հայտնի, որ Ալեքսանյանի հովանու ներքո է Մանվել Խաչատրյանը, առանց ՀՀ առաջնությանը մասնակցելու, ուղեգիր ստացել դեպի Եվրոպայի առաջնություն, որտեղից երկու անգամ վերադարձել է առանց արդյունքի:

ArmLur.am-ի այս հարցերի վերաբերյալ զրուցել է  Ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանի հետ, ով մանրամասն պատմել է, թե ինչ է կատարվել մրցաշարերի ժամանակ, և թե ինչու է թիրախավորվել ֆեդերացիան և Գևորգ Ալեքսանյանը։

«Խոսակցութուններ են պտտվում մեր մարզիկների շուրջ, որոնք չեն համապատասխանում իրականությանը։ Մասնավորապես, Մանվել Խաչատրյանի մասին ասում էին, որ նա 2 տարի արդյունք չի ունեցել։ Մանվել Խաչատրյանը անցած տարի Հայաստանի չեմպիոն է եղել, մասնակցել է Եվրոպայի առաջնությանը և գրավել է 3-րդ տեղը, հաղթել է Եվրոպայի չեմպիոնին, թուրք ըմբիշին։ Մասնակցել է Աշխարհի առաջնությանը, գրավել է 5-րդ տեղ։ Այս տարի Մանվել Խաչատրյանը թոքաբորբ է եղել, տեղեկանքը կա, նկարները կա, որ եղել է վատառողջ և չի կարողացել մասնակցել Հայաստանի առաջնությանը։ Այսքանից հետո որոշում է կայացվել, շանս տալ Խաչատրյանին, որ մրցի չեմպիոնի հետ։ Տիգրան Մինասյանի հետ մասնակցել է միջազգային մրցաշարի։ Որոշվեց՝ ով առաջատար կլինի, նա կմասնակցի։ Միասին գոտեմարտում են, Մանվել Խաչատրյանը 8/7 հաշվով հաղթում է։ Եվ Խաչատրյանը մասնակցել է Եվրոպայի առաջնոևթյանը»,- մանրակրկիտ պատմում է Բաղդադյանը։

Այն ինչ Երիտասարդների Եվրոպայի չեմպիոն( 2022թ), արծաթե մեդալակիր (2023թ) Երիտասարդների աշխարհի չեմպիոն (2023թ) և արծաթե մեդալակիր (2022թ) 60 կգ քաշային կարգում ներկայացող ըմբիշ Սուրեն Աղաջանյանին շանս չտրվեց մասնակցել 2024-ին տեղի ունեցած օլիմպիական խաղերի ուղեգրի մրցաշարին, ինչպես նաև Եվրոպայի առաջնությանը միայն այն պատճառով, որ Սուրենը ունեցել էր ոտքի լուրջ վնասվածք և չէր կարողացել մասնակցել ՀՀ առաջնությանը:
Հատկանշական է փաստել նաև, որ առաջնությունից ընդամենը ամիսներ հետո տեղի ունեցած Զինվորականների Աշխարհի առաջնությունում Աղաջանյանը դարձավ չեմպիոն` պարտության մատնելով Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Կորեան ներկայացնող ըմբիշին:
Բենուր Փաշայանի անվան հուշամրցաշարում Սուրենի հանդեպ ևս կայացրեցին անարդար որոշում. վերջինս գոտեմարտում էր Գևորգ Ղարիբյանի հետ և 2 միավորի առավելությամբ հաղթում էր Գևորգին: Տեսնելով այդ արդյունքը, Գևորգ Ալեքսանյանը մոտեցել է մրցավարներին և ներկայցրել, թե Աղաջանյանը ոտքով խանգարել է Ղարիբյանին կատարել իր հնարքը: Այսպիսով «համոզելով» հորդորել է 2 միավոր տալ Ղարիբյանին, որի արդյունքում էլ 2:2 հաշվով Սուրենը պարտվել է գոտեմարտը: Նշենք, որ Ալեքսանյանի դիտարկած «ոտքով խանգարելը» օլիմպիական շատ մրցավարները չեն դիտարկում որպես սխալ ըմբիշի կողմից:

«Ես այս իրավիճակի ժամանակ ներկա եմ եղել։ Նույն Ալեքսանյան Գևորգը հանդիսանում է միջազգային կարգի մրցավար և միանձնյա որոշում նա չի կայացրել, դա եղել է վրացի մրցավար։ Միայն Ալեքսանյանի որոշմամբ այդ որոշումը չէր ընդունվի։ Գոտեմարտի ժամանակ հաճախ է լինում, որ հենց այդ պահին չես զգում ինչ եղավ, հետո կադրը կրկնել են, նայել են միջազգային մրցավարները, որոնց մեջ Ալեքսանյան Գևորգն ա եղել։ 2 մրցավարները ասեցին, որ խախտում կա, Ալեքսանյանը համաձայնել է։ Միաձայն ընդունվել է այդ որոշումը։ Դա, ճիշտ է, վիճահարույց էր, բայց հետո մրցավարները քննարկեցին ու որոշում կայացրին»,- ներկայացված ահազանգին արձագանքում է Բաղդադյանը։

Ի դեպ հավելենք, որ Գևորգ Ղարիբյանը Եվրոպայի առաջնությունում պարտվեց ադրբեջանցի ըմբիշին, ինչպես նաև կորցրեց օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունը, ինչը նշանակում է, որ մեր երկիրը Օլիմպիական խաղերում չունեցավ հնարավորություն ներկայանալ 60կգ քաշային կարգում: Կարևոր է նշել նաև, որ Գևորգը պարտվեց այն ադրբեջանցուն, ում Սուրենը Երիտասարդների Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում հաղթել էր բացարձակ առավելությամբ`9-1 հաշվով:

Այս ամենից պարզ է դառնում, որ ՀՀ ըմբաշմարտի ֆեդերացիան ունի մի նպատակ` լավագույնս սպասարկել Գևորգ Ալեքսանյանի անձնական ցանկություններն ու սպորտային «կապրիզները»:

Մի քանի տարի է Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ներկայանում է 97կգ քաշային կարգում: Ոսկե մեդալի համար պայքարում պարտվելուց հետո արդեն 3-րդ անգամ Արթուր Ալեքսանյանը հրաժարվում է մրցել 3-րդ տեղի համար, ինչի արդյունքում ՀՀ-ն զրկվում է հերթական բրոնզե մեդալից, իսկ մեր թիմը` միավորներից: Չթերագնահատելով և չնսեմացնելով Արթուրի դերը հայկական սպորտի կյանքում, պետք է նշել, որ նա ևս բռնել է հոր ճանապարհը և բազում մրցաշարերի ժամանակ հանդես է գալիս միջամտություններով` փորձելով առաջ տանել գյումրեցի ըմբշամարտիկներին: Գևորգ Ալեքսանյանն ու Արթուրը չեն կարողանում մի կողմ դնել իրենց անձնական ամբիցիաներն ու հասկանալ, որ պետք է հնարավորություն տալ նաև երիտասարդ ըմբիշների մասնակցել Եվրոպայի և Աշխարհի առաջնություններին: 97կգ քաշային կարգում ՀՀ-ն ունի շատ խոստումնալից և պատրաստված ըմբշամարտիկ` Մ23 տարեկանների Աշխարհի չեմպիոն Հայկ Խլոյանը, որը կարող է օգտագործել իր հնարավորություններն ու դառնալ մեդալակիր, սակայն քանի որ Գևորգ Ալեքսանյանն ու Արթուրը հիմա դա պարզապես չեն ցանկանում, Հայկը դեռ կմնա ստվերում:

Հիմա հնչեցնենք հարցը, որն ահազանգի բուն նպատական է՝ ո՞վ է մեղավոր.

Հազանգած քաղաքացին պնդում է, որ այս բոլոր արկածախնդրությունների և անարդարությունների պատճառը մեկն է.

«ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան պարզապես իր տեղում չէ: Չնայած նրան, որ ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը և հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը օժտված են բարձր մասնագիտական որակներով, ինչպես նաև անձնվիրաբար են մոտենում իրենց գործին, այնուամենայնիվ նրանք չեն կարողանում «սանձել» Գևորգ Ալեքսանյանի ու Արթուր Ալեքսանյանի անհասկանալի նկրտումներն ու համարժեք պատասխան տալ նրանց: Ի՞նչն է պատճառը, ինչի՞ց կամ ումի՞ց են վախենում Խաչատրյանն ու Բաբալարյանը` այդպես էլ մնում է անհայտ: Մեկ բան ակնհայտ է եթե ֆեդերացիայի նախագահն ու հավաքականի գլխավոր մարզիչը շարունակեն ծածկադմփոց անել նրանց վարքագիծն ու լուռ համաձայնել կատարվող անօրինականություններին, շուտով նրանք կկորցնեն իրենց կշիռն ու տարիների ջանքերով ձեռքբերած հեղինակությունը։»

Այս պնմանն արձագանքել են նաև Ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը․

«Նման բան չկա,  դրանք պատերի տակի խոսակցություններ են։ Արթուր Ալեքսյանին մեղադրում են, որ միջամտում է գոտեմարտին, բայց Արթուրը մոտեցել ու ասել է՝ կռիվ մի արեք գորգի վրա, այլ մրցեք։ Նենց չի եղել, որ Ալեքսանյան Գևորգը կանգի ու ասի ով է գնում առաջնություն, ինչքան էլ վաստակավոր մարզիչ է, այց ամեն մարդ իր տեղն ունի։

Երբ որևէ մրցույթ է լինում, պարտությունը փորձում են գցել մեկի վրա։ Ի գիտություն, հավաքականի որոշումները միանձնյա չեն կայացվում, որևէ մեկի շահերը չենք սպասարկում, վերջնական որոշումը կայացվում է մարզչական խորհրդի կողմից»,- եզրափակել է Բաղդադյանը։

Էմմա Միքայելյան




Լրահոս