ՖՈՏՈ․ Օրենբուրգում տեղի է ունեցել հայկական եկեղեցու հանդիսավոր բացումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 14-ին և 15- ին Օրենբուրգ քաղաքում տեղի ունեցավ «Սուրբ Հարություն» եկեղեցու հանդիսավոր բացումը, որին հատուկ ժամանել էր Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս Ներսիսյանը ( Մկրտիչ Գրիգորի Ներսիսյան) ‘ արքեպիսկոպոս (Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հարազատ եղբայրը):

Եկեղեցու շինարարությունը տեղի է ունեցել տեղի «Սուրբ Հարություն» կրոնական կազմակերպության նախաձեռնությամբ։

Հունիսի 14-ին Տերը օծեց բոլոր սրբապատկերները, խաչերը, դռները, զանգերը:

Ամսի 15 – ին տեղի ունեցավ պատարագ և խորանի օծում, և Եզրաս Ներսիսյանը աղոթեց և օրհնեց ներկաներին:
Տեղի կրոնական կազմակերպության ծխական խորհրդի նախագահ, Օրենբուրգի հայկական մշակույթի «Տերյան» տարածաշրջանային հիմնադրամի տնօրեն Գևորգ Ռուբենի Սարկիսյանի խոսքով՝ եկեղեցին կառուցվել է 9 տարի:

Նա հատուկ ընդգծեց Օրենբուրգում բնակվող գրեթե բոլոր 12 000 հայերի մասնակցությունը եկեղեցու կառուցմանը։ «Այսօր մեզ համար շատ կարևոր և նշանակալից օր է. միասին Օրենբուրգում կառուցեցինք Հայ Առաքելական Սուրբ Հարություն եկեղեցին, որի դռներն այսօր բաց են, և որտեղ մեր երեխաները, թոռները և բոլոր ցանկացողները կարող են մոմ վառել, աղոթել»։

Հանդիսավոր միջոցառման պատվավոր հյուրերն էին մարդիկ, ովքեր անմիջական ներդրում են ունեցել եկեղեցու կառուցման գործում՝ ի դեմս հիմնական հովանավոր Աշոտ Օրդուխանյանի, ինչպես նաև նման հրաշալի նախագծի իրականացման համար ներդրումներ են կատարել Սարգիս Սնխչյանը, Արմեն Հովհաննիսյանը և այլոք։
Այսօր Օրենբուրգ էին ժամանել հյուրեր տարբեր քաղաքներից, և տոնակատարությանը ներկա էր նաև սովետական և ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ Անդրեևիչ Չեռնիշևը, Սերգեյ Վենիամինովիչ Կոննովը, Օրենբուրգի շրջանի տարածաշրջանային և տեղեկատվական քաղաքականության նախարարության ազգությունների և կազակների վարչության պետ, Օրենբուրգի շրջանի ժողովուրդների ասամբլեայի նախագահ Վենալիյ Վլադիմիրովիչ Ամելինը և ուրիշներ։

Սրբազան Եզրասը, ինչպես ինքը նշեց, թեպետ հոգևորական է, բայց Աստծուն չի տեսել, սակայն նրա ներկայությունն իր կյանքում զգացել է իր մայրիկի միջոցով՝ Ես Աստծուն ճանաչել եմ, ուզեցել եմ հասկանալ՝ որպես սեր նա ո՞վ է, և տեսել եմ իմ մոր մեջ նրա անմնացորդ սերը իր զավակների հանդեպ։

Սրբազանը միջոցառումը ավարտեց հետևյալ խոսքերով՝ «Հազարամյակներ շարունակ մեր եկեղեցին որպես հոգևոր Մայր, իր հավատավոր զավակներին խնամել է, սնուցել է, մեծացրել է, անհրաժեշտության դեպքում նահատակվել է իր զավակների փրկության համար, և մենք այսօր տոնում ենք այդ սիրո տոնը, որ պետք է դրսևորենք մեկս մյուսիս նկատմամբ։ ԵՒ թող Աստված օրհնի մեր զավակներին, օրհնի ամենքիս։ Պինդ բռնվեք ձեր եկեղեցուց՝ եկեղեցին միշտ մեզ փրկել է որպես անխորտակելի տապան»։

Սոնա Գրիգորյան




Լրահոս