ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Անջելո Գնեդինգերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Լենա Հալաջյանը: Այս մասին հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցության նախարարությունից։
Հանդիպման ընթացքում ՀՀ Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված հայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ իշխանությունների դիրքորոշումն ու իրականացրած ծրագրերը: Մասնավորապես, նախարարն անդրադարձել է սիրիահայերին աջակցելու նպատակով ՀՀ իրավական ակտերում Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացված փոփոխություններին, կրթության, առողջապահության, գործարարության ոլորտներում, ինչպես նաև՝ աշխատանքով և կացարաններով ապահովելու ուղղությամբ տարվող աշխատանքներին:
ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է նաև Սիրիայում և հատկապես հայաբնակ վայրերում տիրող ծանր իրավիճակին, մասնավորապես Քեսաբի խնդրին՝ հավելելով, որ վտանգված է քաղաքացիների, այդ թվում՝ հայության ֆիզիկական գոյությունը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Անջելո Գնեդինգերին իր խոսքում կարևորել է ՀՀ սփյուռքի նախարարության հետ համագործակցությունը և հույս է հայտնել, որ այն այսուհետ ևս արդյունավետ կլինի:
Հանդիպման ավարտին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ սիրիական թնջուկում միջազգային կազմակերպությունների դերը շատ կարևոր է, և շնորհիվ այդ կազմակերպությունների՝ կկարողանանք հասնել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: