Դեռեւս հունիսի 7-ին ArmLur.am-ը գրել էր, որ հայրենի իշխանությունները Էջմիածին քաղաքի իրենց «սրտի» քաղաքապետի թեկնածուին են գտել: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ վարչության նիստում որոշում է կայացվել, որ իրենց թեկնածուն պետք է լինի Արմավիրի մարզպետ, ԱԺ նախկին պատգամավոր Արգիշտի Մեխակյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ քաղաքապետարանում Մեխակյանի թեկնածությունը միանշանակ չեն ընդունել, քանի որ Մեխակյանը նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի տեղակալն է եղել ու քաղաքապետարանում որպես պաշտոնյա նրան չեն ընդունել: Հիմա լարված իրավիճակ է այդ առումով, քանի որ հստակ գիտեն, որ Մեխակյանի գալով՝ դժվարին ու խնդիրներով լի աշխատանք է սպասվում:
Մեր աղբյուրները նշում են նաեւ, որ հայրենի իշխանությունները նպատակ ունեն առաջիկայում միավորելու Վաղարշապատ եւ Խոյ համայնքները, քանի որ Մեխակյանը, լինելով Խոյ համայնքի նախկին ղեկավար, կարող է ՔՊ-ին այնտեղից «ձայներ բերել». այս հարցը դեռեւս քննարկման փուլում է:
Հավելենք, որ այսօր տեղի կունենա Էջմիածին համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի արտահերթ նիստը: Նիստի ժամանակ տեղի են ունենալու Վաղարշապատ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները: Վաղարշապատ համայնքի ավագանու «Էջմիածին» խմբակցությունը մասնակցելու է արտահերթ նիստին եւ, որպես համայնքի ղեկավար, առաջադրելու է իր թեկնածուին` Սեւակ Խաչատրյանին: Սակայն մեր աղբյուրները նշում են, որ իշխանությունները նպատակ ունեն տապալելու նիստը:
Նախօրեին ՔՊ վարչության նիստի թեմաներից՝ կարելի է ասել գլխավորներից մեկը եղել է Կաթողիկոսի հեռացման հարցը: «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ վարչության անդամները եւս մեկ անգամ պնդել են, որ Վեհափառին ու նրա շուրջ հավաքված հոգեւորականներին պետք է ամեն գնով թուլացնել, ու հանրային հնչեղության պետք է դարձնել Փաշինյանի հարցը՝ «Կաթողիկոսը զավակ ունի՞, թե՞ ոչ»: ՔՊ վարչության գրեթե բոլոր անդամները պնդել են, որ ճնշումները պետք է շարունակել: Ու, ըստ մեր տեղեկությունների, ճնշումները կմեծանան բոլոր այն ընդդիմադիր ուժերի վրա, որոնք նախօրեին գնացել են օդանավակայան ու դիմավորել Գարեգին Բ-ին` հաջակցություն նրա: ՔՊ-ականները կարծում են, որ տարբեր քաղաքական ուժեր փորձելու են այս հարցի առնչությամբ քաղաքական դիվիդենտներ շահել, իսկ դա առաջիկայում պետք է կանխել:
Այսօր լրանում է 2024 թվականի հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում լուսաձայնային նռնակներ կիրառելու դեպքի 1 տարին, եւ մինչ օրս ոստիկանության պաշտոնյաներից որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել քաղաքացիներին վնասվածքներ պատճառելու համար, փոխարենը, որպես մեղադրյալ, դատարանի առջեւ կանգնել են 16 ցուցարարներ։ Ինչպես հայտնի է, մեկ տարի առաջ այս օրը՝ հունիսի 12-ին, Բաղրամյան պողոտայում բախում տեղի ունեցավ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները փակ էին պահում Բաղրամյան պողոտան, իսկ ԱԺ-ում ընթանում էր Կառավարության հարցուպատասխանը, որին ներկա էր նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Բագրատ Սրբազանը կոչ արեց իր աջակիցներին շրջափակել ԱԺ շենքը եւ թույլ չտալ Փաշինյանին դուրս գալ այնտեղից։ Դրանից հետո իրավիճակը կտրուկ լարվեց։ Բախումների հետեւանքով վիրավորվեց 100-ից ավելի մարդ։ Լուսաձայնային նռնակի պայթյունից վիրավորված ցուցարարներից մեկի ձեռքը մինչեւ դաստակ ամպուտացվեց։ Ոստիկանությունը կիրառել էր լուսաձայնային առնվազն 20 «Զարյա» տեսակի նռնակ։ «Զարյա» նռնակների կիրառումը թույլատրելի է միայն բաց տեղանքում եւ մարդուց նվազագույնը 2.5 մետր հեռավորության վրա, մինչդեռ դրանք նետվում էին ուղիղ ցուցարարների վրա կամ ցուցարարների բազմության ուղղությամբ։ Վիրավորվեցին լրագրողներ, օպերատորներ, սակայն մինչ օրս կիրառած որեւէ նռնակի համար մեղադրյալ չկա։
Հակոբ Սիմիդյանը որպես եկամուտ չի նշել մեքենայի վաճառքից ստացված գումարը. նախարարի ունեցվածքը
Նիկոլ Փաշինյանի երբեմնի սիրելի Հակոբ Սիմիդյանը, որը, դեռ վաղուց տարածված լուրերի համաձայն, Նիկոլ Փաշինյանին 2008 թվականին թաքցրել էր սեփական տանը, հեղափոխությունից հետո պաշտոնի զգալի առաջխաղացում է արձանագրել։
Սիմիդյանի յուրաքանչյուր հաստիք եւ պաշտոն մշտապես եղել է Փաշինյանի կողքին կանգնելով՝ սկսած «Դարասկիզբ» ՍՊԸ տնօրենի տեղակալ լինելուց մինչեւ շրջակա միջավայրի նախարար։ Հավելենք, որ հիշյալ ՍՊԸ-ն, Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ի հրատարակիչն է։ 2013-ին «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի տնօրենն է եղել։ 2018-ին, երբ Հայաստանում արդեն քաղաքական իշխանություն էր փոխվել, «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ն է տնօրինել, նույն տարում տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ նշանակվել։ Սիմիդյանը սպորտին էլ է առնչվել՝ 2020-ին հասարակական հիմունքներով ՀՖՖ նախագահի խորհրդական նշանակվելով։ ԱԺ 7-րդ գումարման ժամանակ ստանձնել է «Իմ քայլը» իշխանական խմբակցության քարտուղարի լիազորությունները։ Հետպատերազմյան՝ 8-րդ գումարման խորհրդարանում մանդատ չի ստացել։ 2021-ի օգոստոսին նորից գործադիր է գործուղվել, սկզբից վարչապետի խորհրդականի պաշտոնում էր, այժմ՝ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում։
Հակոբ Սիմիդյանը ո՛չ 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրի համաձայն է անշարժ գույք հայտարարագրել, ո՛չ էլ 2019 թվականի տարեկան հայտարարագրում։
Համաձայն հաշվետու տարվա հայտարարագրի՝ Սիմիդյանը շահագործում է սեփականության իրավունքով իրեն չպատկանող անհատական բնակելի տունը, որը գտնվում է Երեւանում։
Հակոբ Սիմիդյանը 2019 թվականի տարեկան հայտարարագրում տրանսպորտային միջոցներ չի հայտարարագրել, սակայն 2024 թվականի հայտարարագրում վաճառել է 2013 թվականին ձեռք բերած, 1991 թվականի արտադրության BMW մակնիշի մեքենան։ Մեքենան գնող կողմին վաճառվել է 400 հազար ՀՀ դրամով, սակայն այս մասին տարեկան եկամուտներում Սիմիդյանը հայտարարագրում չի նշել։
Նրա բանկային հաշիվների մնացորդները տարեվերջին կազմել են 3 հազար 258 դրամ, այնինչ տարեսկզբին կազմել էին 1 մլն 931 հազար ՀՀ դրամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 200 հազար դրամ։
Սիմիդյանը, որպես հաշվետու տարվա եկամուտ, հայտարարագրել է միայն շրջակա միջավայրի նախարարությունից ստացած աշխատանքի վարձատրությունը՝ 21 մլն 259 հազար դրամը։ Այս ցանկում Սիմիդյանը, որպես եկամուտ, չի նշել մեքենայի վաճառքից ձեւավորված գումարը։
Ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 5 մլն 148 հազար դրամ։























