Պետություն-Եկեղեցի խնդրահարույց դարձած հարաբերությունների, Կառավարության գործելաոճի եւ այլ ընթացիկ հարցերի վերաբերյալ ArmLur.am լրատվականը զրուցել է դերասան Լեւոն Հարությունյանի հետ:
-Պարոն Հարությունյան ի՞նչ նպատակ է հետապնդում եկեղեցու դեմ արշավը: Ինչի՞ կհանգեցնի այս ամենը:
-Մեր այս «հրաշք» Կառավարության գալուց հետո մենք ամեն օր ինչ-որ բան ենք կորցնում: Սա հերթական ծրագիրն է՝ դրսից եկած, իր «թագավորից» սերված:
Կրթական ոլորտը ամբողջությամբ կործանեցին: Տեսանք, թե վերջերս ինչ է կատարվում դպրոցներում. թմրանյութի շրջանառություն, եւ որ ամենավատն է՝ կորել է ուսուսցիչ-աշակերտ կապը: Գիտության մասին չեմ խոսում. մշակույթն ընդհանրապես ստորացված վիճակում է:
-Նիկոլ Փաշինյանն ասում է՝ պետությունը տվել ենք ժողովրդին, հիմա էլ եկեղեցին պետք է ազատագրենք եւ տանք ժողովրդին: Ի՞նչ է նշանակում սա:
-Ես խոսքս ուղղեմ իմ շատ սիրելի ժողովրդին: 2018 թվականին նա ձեր ձեռքերով «Թավշյա հեղափոխություն» արեց, եկավ իշխանության ու տեսեք, թե իշխանության գալուց հետո մենք ինչեր ենք կորցրել. Արցախ, 5000 անմեղ երիտասարդ, հիմա էլ անցել է եկեղեցուն:
Ազգի սուրբ տեղերին է հարվածում, ու եթե ժողովուրդը 2018-ից հետո իր համար դաս չի քաղել, որ ամեն ինչ արվում է իր ձեռքով հենց, թող պատկերացնի, թե ինչ կլինի, եթե մենք սխալվենք երկրորդ անգամ:
Հիշե՛ք, սիրելի՛ ժողովուրդ, եթե նա ձեզ ուզում է ոտքի հանել, ուրեմն այս տղամարդը հանձնելու ինչ-որ բան ունի: Արցախը հանձնեց, հիմա ուզում է եկեղեցին տալ, բայց չգիտեմ, թե ում: Սիրելի՛ ժողովուրդ, խնդրում եմ՝ չլսեք այդ «երեւույթի» խոսքը: Իհարկե, Նիկոլի կամակատարները կսկսեն «հրաշք» բառակապակցություններ ասել, թե իրենք ինչքան են սիրում իրենց երկիրը, եւ որ իրենք եկել են՝ ինչ-որ բան փոխելու: Ես կարծում եմ, որ այս Կառավարությունն այլեւս փոխելու բան չունի: Արդեն ժամանակն է, որ մենք կառավարությանը փոխենք:
Այսօր յուրաքանչյուրիս ամեն ժամն ու վայրկյանը թանկ արժեն, ու մենք մեր ժամանակից տալիս ենք սրա՞նց…. Այս Կառավարությունը դարձել է տարայի հանձնման կետ:
-Պարո՛ն Հարությունյան, ի՞նչ է վարչապետը թաքցնում՝ եկեղեցու դեմ դուրս գալով:
-Այս ամենից մենք պետք է եզրակացություն անենք, որ մեր հավատն ու առաքելական եկեղեցին միակն են մնացել, որով կարող ենք նման երեւույթներին դուրս մղել: Ես ժամանակին ասում էի` այս Կառավարությունը անտարբերության մատնեք: Վեհափառը ճիշտ դիրքորոշում ցուցաբերեց. չպատասխանեց իրենց: Իսկ ինքն իր կարճ խելքով, որպես վարչապետ՝ հայտարարել է, որ պետք է գահընկեց անի վեհափառին:
Եթե վարչապետը եւ նրա կինը, որ «սրբապիղծ» որակումն էր տվել եկեղեցու վերաբերյալ, ունեն այդքան փաստեր, ապա այդ «ապացույցներով» խոսելն ամենակարճ ճանապարհն է, եթե ուզում են վեհափառին հեռացնել: Աննա Հակոբյա՛ն, եթե ունեք այդ փաստերը, հանե՛ք՝ մենք էլ տեսնենք:
Զրուցեց ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆԸ























