Եկեղեցու դեմ տարվող արշավի, բարձրաստիճան հոգեւորականների թիրախավորման, վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի, ինչպես նաեւ Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարության վերաբերյալ ArmLur.am-ը զրուցել է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ։
-Պարո՛ն Աբրահամյան, վերջին շրջանում տեսնում ենք, թե ինչ արշավ է սկսվել ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու. թիրախավորված են ինչպես եկեղեցին, այնպես էլ հոգեւոր առաջնորդները: Ի՞նչ կանխատեսումներ ունեք, եւ վերջապես ինչո՞վ է այս արշավն ավարտվելու:
-Այս ամենի հիմքում վրեժխնդրությունն է, այն առումով, որ Մայր Աթոռը 2020 թվականի պատերազմական գործողություններից հետո մեր երկրում ծավալված ներքաղաքական իրավիճակների ֆոնին իր հստակ դիրքորոշումն արտահայտեց իշխանությունների եւ մասնավորապես վերջինիս հեռանալու վերաբերյալ: Թեեւ դրանից հետո որոշակի լարվածություն կար, բայց գործողություններ տեղի չէին ունենում եկեղեցու դեմ: Իրավիճակը մի փոքր այլ էր: Չպետք է մոռանալ, որ 2018 թվականին այս իշխանությունն իր հիմնական գործողությունները սկսել է զինված ուժերի դեմ ներհասարակական բախումներով, նաեւ Մայր Աթոռի դեմ իր գործողություններով՝ վեհարանի շրջապատման համատեքտսում:
-Պարո՛ն Աբրահամյան, ինչու՞ հենց այս ժամանակաշրջանում ծագեց այս իրավիճակը:
-Միակ խնդիրը վրեժխնդրությունը չէ: Իշխանությունը 2018 թվականից ի վեր հսկողությունն իր ձեռքը վերցնելու համար երկու հիմնական ճանապարհով էր գնում. առաջինը՝ ներհասարակական լարվածություն ստեղծելու, դրա միջոցով տարբեր խմբեր կառավարելու համար, եւ երկրորդը՝ քայլեր էր իրականացնում պետական եւ այն ինստիտուտների դեմ, որոնք ունեն պետության դիմադրության դեմ պայքարելու բոլոր հնարավորությունները: Դրանցից մեկը Մայր Աթոռն էր: Նրա նկատմամբ իշխանության վերաբերմունքն անսպասելի չի եղել: Այլ է հարցը՝ թե ինչու հենց այս պահին, երբ իշխանությունը բավականին մեծ թափով պատրաստվում է 2026 թվականի ընտրություններին: Ես կարծում եմ՝ որոշակի ուսումնասիրություններ է պետք անցկացնել տարբեր խմբերի ներգրավվածության տեսանկյունից, թե ինչպիսի ազդեցություն կարելի է ապահովել, եւ դա ինչպիսի հարվածներով ու քայլերով է արտահայտվում:
Զրուցեց ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆԸ























