Armenian text to speach

ԻՐԱՆ-ԻՍՐԱՅԵԼ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐԱՆՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իսրայելի եւ Իրանի միջեւ ռազմական հակամարտությունը մտել է նոր՝ առավել վտանգավոր փուլ: Վերջին օրերի ընթացքում երկու երկրները միմյանց դեմ իրականացրել են մի շարք ռազմական գործողություններ, որոնք հանգեցրել են զգալի մարդկային կորուստների եւ նյութական վնասների:

 

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտնել է, որ օդուժի կործանիչները հարվածներ են հասցրել Իրանի Հեղափոխական գվարդիայի Ղուդս ուժերի հրամանատարական կենտրոններին: Ըստ նրանց` այս կենտրոններից էին ղեկավարվում Իսրայելի դեմ ահաբեկչական գործողությունները:

Հրապարակված տեսանյութերում երեւում է, որ Թեհրանում թիրախավորվել է 10 ռազմական օբյեկտ: Հարվածի է ենթարկվել նաեւ Իրանի արտգործնախարարության շենքը, կան վիրավորներ:

Իսրայելական հարվածների արդյունքում սպանվել են Իրանի Հեղափոխական գվարդիայի բարձրաստիճան պաշտոնյաներ՝ հետախուզության պետ գեներալ Մոհամմադ Քազեմին եւ նրա տեղակալ գեներալ Հասան Մոհաքիքը: Ավելի վաղ սպանվել էր նաեւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեին Սալամին: Իսրայելը հարձակման հենց առաջին ժամերին թիրախավորել է միջուկային գիտնականներին, ովքեր, ինչպես պնդում են, ունեին միջուկային զենք պատրաստելու եւ նախագծելու խոր գիտելիքներ: Մոտ 25 գիտնական է թիրախավորվել, սակայն մինչեւ այժմ հաստատվել է առնվազն 6 գիտնականի մահ:

Իրանը պատասխան գործողություն էր իրականացրել՝ արձակելով հարյուրավոր բալիստիկ հրթիռներ դեպի Իսրայելի տարածք: «Ճշմարիտ խոստում 3» անվանված օպերացիայի շրջանակներում թիրախավորվել են բնակելի շենքեր եւ ենթակառուցվածքներ:

Իսրայելի Հայֆա քաղաքում հրթիռները հարվածել են նավթավերամշակման գործարանի շրջակայքին՝ առաջացնելով հրդեհներ եւ վնասելով շենքեր: Հարվածներ են հասցվել նաեւ Իսրայելի հարավային Զավդիել բնակավայրին:

Իրանի առողջապահության նախարարության տվյալներով` իսրայելական հարվածների հետեւանքով զոհվել է առնվազն 224 մարդ, վիրավորվել՝ 1,277: Ողբերգականն այն է, որ զոհերի 90%-ը քաղաքացիական անձինք են:

Իսրայելում իրանական հարվածների հետեւանքով զոհվել է 17 մարդ, վիրավորվել՝ 380: Թեհրանի բնակիչները զանգվածաբար փորձում են լքել մայրաքաղաքը: Բենզալցակայանների մոտ գոյացել են երկար հերթեր: Բնակիչները նշում են, որ քաղաքում չկան պաշտպանական կառույցներ, որտեղ հնարավոր կլինի թաքնվել վտանգի դեպքում:

Շատերը փորձում են հասնել Կասպից ծովի ափամերձ՝ ավելի գյուղական եւ մեկուսացված շրջանները, սակայն ճանապարհները խցանված են:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հույս է հայտնել, որ Իսրայելի եւ Իրանի միջեւ համաձայնություն է կկնքվի: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ «երբեմն պետք է թույլ տալ, որ կռվեն»:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերահաստատել է Եվրոպայի հանձնառությունը խաղաղության, կայունության եւ դիվանագիտական ջանքերի հանդեպ: Նա նաեւ մտահոգություն է հայտնել Իրանի միջուկային ծրագրի զարգացման վերաբերյալ:

Իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանը ողջունել է Թրամփի կոչը եւ ընդգծել երկկողմանի վնասների անդառնալի բնույթը:

Հակամարտությունը զգալի ազդեցություն է ունեցել համաշխարհային նավթի շուկայի վրա: Նավթի գները շարունակում են աճել՝ անցյալ շաբաթվա 7% աճից հետո: ԱՄՆ նավթի գինը բարձրացել է 1.2%-ով՝ հասնելով 73.85 դոլարի մեկ բարելի համար:

Իսրայելի ՊԲ շտաբի պետ Էյալ Զամիրը հայտարարել է, որ գործողությունները Իրանի դեմ ոչ միայն կշարունակվեն, այլեւ կուժեղացվեն: Նրա խոսքերով` սա անհրաժեշտ է Իրանի կողմից «գոյութենական սպառնալիքը» չեզոքացնելու համար:

Երկու երկրները փոխադարձաբար նախազգուշացրել են միմյանց քաղաքացիներին՝ հեռու մնալ ռազմական եւ գիտական օբյեկտներից: Սա կարող է վկայել նոր հարվածների հավանականության մասին:

Միջազգային հանրությունը շարունակում է կոչ անել կողմերին՝ վերադառնալ դիվանագիտական երկխոսության դաշտ եւ կանխել հակամարտության հետագա էսկալացիան: Հիշեցնենք, որ ԱՄՆ հետախուզական գործակալությունները փետրվարից ի վեր զգուշացնում էին, որ Իսրայելը, հավանաբար, այս տարի կփորձի հարվածել Իրանի միջուկային ծրագրի կարեւորագույն օբյեկտներին, հայտնում է CNN-ը: Իսկ ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված օպերացիայի գաղտնի նախապատրաստական աշխատանքները տեւել են մոտ 8 ամիս:

ԱՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս