Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ՝ «ՌԵՅԳԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պետք է պետական բյուջե փոխանցի 2 միլիոնից ավելի գումար:
Որոշման նախագիծը վաղը կքննարկվի հանձնաժողովի նիստում:
Նշենք, որ «Ռեյգալ» ընկերությանը տրամադրվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքում` Կարճաղբյուր գետի Բոյդարա և Մեչիտիձոր վտակների վրա (բնական ջրահոսք) «Կարճաղբյուր ՓՀԷԿ-2» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզիա, այնուհետև կայացվել է այն երկարաձգելու որոշում: Միաժամանակ, ընկերությանը պարտավորեցվել է մեկամսյա ժամկետում հանձնաժողով ներկայացնել երկու միլիոն յոթ հարյուր իննսունյոթ հազար հինգ հարյուր դրամ գումարի նոր երաշխիք` մինչև 2014 թվականի փետրվարի 19-ը գործողության ժամկետով, սակայն նշված պարտավորությունը չի կատարել:
Հանձնաժողովի որոշման մեջ նաև նշված է, թե ընկերությանը հիշեցվել է հնարավորինս սեղմ ժամկետում երաշխիքը հանձնաժողով ներկայացնելու պարտավորության մասին և նախազգուշացվել, որ այն չկատարելու դեպքում Հանձնաժողովն իրավասու է կիրառել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված տուժանքի որևէ տեսակ:
Հանձնաժողովը 2013 թվականի հուլիսի 26-ից հարուցել է վարչական վարույթ, որի մասին Ընկերությանը ծանուցվել է 2013 թվականի հուլիսի 26-ի №ՍԱ-1526ի գրությամբ՝ առաջարկելով հարուցված վարույթի շրջանակում ներկայացնել ուսումնասիրվող հարցի առնչությամբ ընկերության փաստարկներն ու հիմնավորումները: Սակայն հանձնաժողովի որոշման մեջ նշված է, որ վարչական վարույթի շրջանակում ընկերությունը որևէ փաստարկ կամ հիմնավորում չի ներկայացրել:
Հիմք ընդունելով նշված փաստերը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում երկու միլիոնից ավել գումարը պետք է փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե և փոխանցումը հավաստող փաստաթղթի պատճենը ներկայացնել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:
Նաիրա Հովհաննիսյան