ԱՉՑԱԽԸ` ԿՅԱՆՔԻ ՄԵԾ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս լրագրող ՑՎԵՏԱՆԱ ՊԱՍԿԱԼԵՎԱՆ Armenian music centre-ի հետ  համատեղ ներկայացրեց նոր ֆիլմաշար` «Ղարաբաղի վերքերը»: Դրանք 1991-1994 թվականներին  Արցախում նկարահանած փոքրիկ վավերագրական  ֆիլմեր են` զետեղված 2 տեսասկավառակում: Ի դեպ, այդ ֆիլմերը թարգմանված են 6 լեզուներով: Տիկին Ցվետանան այդ ֆիլմերի ե՛ւ սցենարի հեղինակն է, ե՛ւ օպերատորը: Ծնունդով բուլղարացի Պասկալեւան արդեն 16 տարի է` ապրում է Երեւանում: Իսկ թե ինչու է 90-ականներին եկել Ղարաբաղ, կիմանանք հենց իրենից:
-Անկեղծ ասած, շատ եմ զարմանում, որ 90-ականներին թողել եք Ձեր ուսումն  ասպիրանտուրայում՝ այն էլ Մոսկվայում, եւ եկել Ղարաբաղ, որտեղ այդ պահին պատերազմ էր:
-Երբ ես Մոսկվայում դեռ ասպիրանտուրայում էի սովորում, ինչ-որ անորոշ խոսակցություններ հասան ինձ, որ որոշ հայ գյուղերից արտաքսվում են մարդիկ: Այդ պահին ես ոչ մի բան չգիտեի հայերի մասին, նույնիսկ ծանոթներ չունեի հայերի մեջ: Լսեցի հայ գյուղերի` Գետաշենի, Մարտունաշենի մասին: Դա ինձ համար պրոֆեսիոնալ կանչ էր, սկսեցի պատրաստվել Հայաստան գալուն: Գնացի գրադարան, սկսեցի կարդալ այն ամենն, ինչ գտա Ղարաբաղի մասին, ամբողջ պատմությունը, թե ում հողն է եղել, երբ են ադրբեջանցիները ոտք դրել այնտեղ: Ուզում էի որպես լրագրող պատրաստված գնալ:
Վերցրի տեսախցիկն ու շատ դժվար հասա նախ Երեւան, հետո էլ Ստեփանակերտ: Ստեփանակերտում ինձ  ձերբակալեցին ադրբեջանցիները, որ այդ պահին ղեկավարում էին օդանավակայանը: 2 օր ինձ պահեցին այնտեղ, մինչեւ ստուգեցին իմ ողջ փաստաթղթերն ու համոզվեցին, որ իմ մեջ ոչ մի հայկական բան չկա: Բաց թողեցին ու տարան Շուշի: Այնտեղից էլ սկսվեց ամեն ինչ: Իմ նկարած կադրերը վերջինն էին Գետաշենի մասին, որտեղ դեռ այն ժամանակ արդեն 600 ադրբեջանցի ընտանիք էր տեղափոխվել:
Հետո սկսվեց Շահումյանի ազատագրումը: Ես այդ պահին Երեւանում էի, անմիջապես ուղեւորվեցի Շահումյան եւ այնտեղի բնակչության հետ սկսեցի սպասել աքսորմանը եւ դարձա այդ տեղահանման վկան ու նկարեցի ամբողջն իմ տեսախցիկով:
Դրանք սարսափելի կադրեր են, բայց այն ժամանակ մենք ապրում էինք այդ ցավն ու զգացողությունները, որոնք փոխեցին իմ ողջ ճակատագիրն ու ստիպեցին իմ սրտին այլ կերպ բաբախել:
Այդ պահին սկսեցի գիտակցել լրագրողի իրական կրեդոն եւ պարտքը: Այդ պայմանները միայն կհասկանան նրանք, ովքեր վերապրել են դրանք: Օր ու գիշեր սթրես, ոչ մի պայման քնելու համար, հագուստով էինք քնում, միայն կոշիկներն էինք հանում: Անընդհատ սպասում էինք, թե որտեղ կընկնի ռումբը, որտեղ կլինեն հարվածներն օդից: Ոչ մի բանից ապահովագրված չէիր, նույնիսկ գուշակել չէիր կարող, թե որտեղ կընկնի այդ 500 կգ ռումբը: Ի դեպ, ես ոչ մի անգամ բրոնե ժիլետ չեմ հագել, զենք էլ չի եղել մոտս, միայն իմ տեսախցիկը: Ես համարում էի, որ ես քաղաքացիական դեմք եմ, եկել եմ խաղաղ միսիայով եւ այդպես էլ պետք է հեռանամ: Տեսախցիկը երբեմն շատ ավելի ուժեղ էր գտնվում, քան ցանկացած այլ զենք: Երբ ադրբեջանցի դիպուկահարները տեսնում էին այն, նրանք իմ վրա էին նշան բռնում: Արդյունքում մի վիրավորություն, 2 կոտրած տեսախցիկ, բայց եւ հարյուրավոր ռեպորտաժներ: Ղարաբաղն ինձ համար դարձավ կյանքի մեծ քննություն: Ես ինքս իմ մեջ գիտեմ, թե ինչ եմ ներդրել, ինչերից եմ զրկվել, ինչ ռիսկի եմ ենթարկվել:
-Իսկ ինչո՞ւ հետ չէիք վերադառնում:
-Սկզբում ես զգում էի դոկումենտալիստի իմ պարտքը, դա իմ կանչն էր, իմ բնավորությունն է էդպիսին` կանգ չառնել դժվարությունների առաջ: Եթե բնակչությունն ու երեխաները մնում են այդ շրջափակման մեջ, ի՞նչ է` ես պետք է վախենայի ու հեռանայի՞: Չէի կարող այդ ամենը դադարեցնել: Կարող էի, բայց չարեցի:
Վերջին հաշվով ես մնացի մինչեւ պայքարի ավարտը, եւ իմ ձեռքերում մնացին բազմաթիվ փաստեր պատերազմի մասին: Չեք պատկերացնի, թե ես ինչպես էի սպասում Ղարաբաղի անկախությանը: Երբ 1994թ. ստորագրվեց հրադադարի պայմանագիրը, այդ տարի էլ ստացա շատ լավ առաջարկ «ԷՆ ԲԻ ՍԻ» հեռուստաընկերությունից: Ես պետք է կշռեի ու որոշեի, թե ինչն է ինձ համար կարեւոր: Հասկացա, որ իմ անցածի մեջ շատ բան եմ ներդրել ու չեմ կարող թողնել, հեռանալ այս երկրից: Որոշեցի Ղարաբաղի մոտ մնալ ու սկսեցի ապրել Երեւանում: 1995-ից էլ սկսեցի վարել հաղորդում Հանրային հեռուստաընկերությամբ: Ստացվում է, որ համարյա 20 տարի ձեր հողի վրա եմ:
Այն, ինչ ես տեսել եմ իմ աչքերով, շատ թանկ է ինձ համար: Ես տեսել եմ ձեզ տարբեր իրավիճակներում, նույնիսկ մասնատված, բայց դուք ուժեղ եք, երբ միասին եք:
-Ճիշտ է, Դուք արմատներով հայ չեք, բայց մենք Ձեզ հայ ազգի մեծ զավակ ենք համարում:
-Շնորհակալ հայերը պատերազմի տարիներից հետո սկսցին անվանել ինձ հայ ազգի բուլղարացի աղջիկ: Գիտեք, երբ ինձ հայ են անվանում, դա կարծես պարգեւ լինի: Այդ վերաբերմունքն ինձ համար թանկ արժե:
-Խոսեցինք Ձեր անցած ուղուց, ապրումներից, բայց այդպես էլ չասացիք, թե Ձեզ` որպես կնոջ, ի՞նչն է պակասում:
-Ես սովոր չեմ դժգոհելու, եւ իմ անձնական խնդիրներն այդպես էլ մնում են անձնական: Ուրիշներին եմ օգնում, իսկ իմ հարցերից մի կերպ գլուխ կհանեմ: Միշտ մխիթարում եմ ինձ խոսքերով, որ ամեն ինչ չես կարող ստանալ եւ ունենալ: Ես ունեմ ձեր ազգային սերն ու հարգանքը, դա ինձ համար մեծ բան է:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս