2020 թվականի պատերազմից ի վեր անհետ կորած համարվող անձանց ծնողներն ու հարազատները հավաքվել ՀՀ Կառավարության շենքի դիմաց` իրականացնելու բողոքի ակցիա։
Ակցիայի մասնակիցները դժգոհ են Նիկոլ Փաշինյանի` ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի պաշտոնից ազատելու որոշումից։ Նրանք պահանջում են Փաշինյանից վերանայել իր որոշումը, քանի որ, ինչպես ակցիայի մասնակիցներն են նշում, պատերազմից մինչ այս պահը միայն Արմեն Աբազյանն է զբաղվել անհետ կորած համարվող անձանց տվյալների ճշտման, նրանց տեղը գտնելու ու վերադարձելու հարցով։
Ակցիայի մասնակից և անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը մեզ հետ զրույցում նշեց հետևյալը.
«Արմեն Աբազյանը աշխատանքից ազատվելու sms ստացավ միայն այն պատճառով, որ սատարել է բարեգործ Սամվել Կարապետյանին և անհիմն չի ձերբակալել Կարապետյանին, ինչ ա թե Նիկոլի պահանջն է կատարում։ Այսքան ժամանակ միայն Աբազյանն է մեր խնդրանքը լսել ու աշխատել մեր խնդրին անհապաղ լուծումներ գտնել։ Հիմա ո՞վ է զբաղվելու անհետ կորած համարվող անձանց հարցով։ Արմեն Աբազյանին աշխատանքից հեռացնելով` Փաշինյանը կտրո՞ւմ է մեր վերջին հույսը»։
Բողոքի ակցիայի մասնակիցները երկար սպասեցին, որ Կառավարության աշխատակիցներից կիջնեն, կզրուցեն իրենց հետ ու կլսեն նրանց խնդիրները, սակայն որևէ մեկը չիջավ և բողոքի ակցիայի մասնակիցները որոշեցին քայլերթով շարժվել դեպի Ազգային Ժողով և իրենց ակցիան շարունակեն այնտեղ։
Անհետ կորածների հարազատներն իրենց ակցիան կշարունակեն ԱԺ-ի դիմաց։


























































































