Ո՞ւր եք, ինչո՞ւ Սամվել Կարապետյանի նման չեք գերադասում վեհ արժեքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 17-ին բարեգործ Սամվել Կարապետյանը հարցազրույցի ժամանակ նշեց, որ ամբողջովին սատարում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն: Հարցազրույցից հետո Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց` նշելով, որ պետք է պասիվացնել նրանց, ընդ որում, ընդմիշտ: Այս հայտարարությունից քիչ անց հայտնի դարձավ, որ հատուկ ջոկատայինները փորձել են խուզարկել բարերարի տունը և նրան բերման ենթարկել, ինչը թույլ չեն տվել Կարապետյանի անվտանգության աշխատակիցները:

Արդեն ուշ գիշերին Կարապետյանը դուրս է եկել իր առանձնատնից, զրուցել լրագրողների հետ, նշել, որ ինքն անսասան է իր սկզբունքներում և թքած նրանց (իշխանության) ու էլեկտրական ցանցերի վրա էլ: Գործող իշխանության կողմից այս հետապնդումը Կարապետյանի նկատմամբ ժողովրդի մոտ առաջացրել է դժգոհություն և մեր հանրությունը թե՛ երեկ, թե՛ այսօր ամբողջ օրը կանգնած է եղել Սամվել Կարապետյանի կողքին: Բարերարի նկատմամբ այս վերաբերմունքը դժգոհություն է առաջացրել նաև արցախցիների մոտ:

ArmLur.am լրատվականի հետ հարցազրույցի ժամանակ արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը ասաց հետևյալը.

«Սամվել Կարապետյանն այն անձնավորությունն է, որ միշտ բարձր է պահել հայ մարդու էությունը: Անուրանալի է նրա ներդրումներն Արցախում: Անուրանալի է նրա նվիրվածությունն Արցախին, Արցախը հայկական պահելու ազնիվ մղումները: Նա ամբողջովին լծված է եղել Արցախը հայկական պահելու գործին, Հայաստանը շենացնելու, մեր ժողովրդի անունը Հայաստանից դուրս բարձր պահելու համար: Մենք հիմա ծանր իրավիճակում ենք գտնվում: Կհիշեք, թե ինչպիսի ծանր պայմաններում Արցախում ապրելու կամք արտահայտեց մեծանուն բարերար Ռուբեն Վարդանյանը, որ Բաքվում է հայտնվել իր հայ տեսակին չուրանալու համար: Նույն էլ հիմա է: Տարբերությունը մեկն է՝ որտե՞ղ են դատում: Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտում են դատում, այստեղ, իր մայր հողում Սամվել Կարապետյանին են փորձում դատել, ճնշել, չեզոքացնել,- ասում է Անաստաս Իսրայելյանը և դիմում հանրությանը,- Ժողովո՛ւրդ, հիմա հասկանո՞ւմ եք՝ ինչ է կատարվում. կան մարդիկ, որոնց համար մարդկային արժանիքներ, հայ ապրելու իրավունքը, պատվով ապրելու իրավունքը, հայի անունը, ազգային, հոգևոր, մշակութային արժեքներն ավելի բարձր են, քան նյութականը և անցողիկ այլ երևույթներ»:

Միայն Արցախում կատարած ներդումների մասին խոսելու համար բավական է հիշել Ստեփանակերտի Հանրապետկան հիվանդանոցը. «Ոչ մի արցախցի չի մոռացել Սամվել Կարապետյանի նվիրվածությունն Արցախին ու արցախցիներին: Բոլորդ էլ կհիշեք, թե ինչպիսի բարձրակարգ հիվանդանոց էր կառուցվել Ստեփանակերտում, ինչպիսի նորարարական տեխնոլոգիաներով ու սարքերով: Պատերազմի ժամանակ մեր վիրավորներն այնտեղ բուժվեցին, ինչքան դեղորայք ուղարկվեց ու էլի Սամվել Կարապետյանի օգնությամբ: Բա՞ դա մոռանալ կլինի»:

Իսրայելյանը բարձր է գնահատում Սամվել Կարապետյանի քաղաքական կեցվածքը, քանի որ այս օրերին շատերը հրաժարվել են իրենց գնահատականը տալ ՀԱԵ-ի դեմ իրականացվող քարոզարշավին: «Սամվել Կարապետյանը շատ լավ գիտակցելով ինչ քաղաքական խմբակ է Հայաստանում այսօր իշխանության ընդդիմացավ նրանց և պաշտպանեց իր սկզբունքն՝ իր աջակցությունն հայտնելով ՀԱԵ-ին։ Ցավալին այն էլ, որ հայ անվանի մեծահարուստներ շատ կան` ինչպես Հայաստանում այնպես էլ Հայաստանից դուրս, սակայն լուռ են։ Ո՞ւր եք։ Ինչո՞ւ ձայն չեք հանում։ Ինչո՞ւ Սամվել Կարապետյանի նման չեք գերադասում վեհ արժանիքները»,- եզրափակեց Իսրայելյանը:

Նանիկ Աղասյան




Լրահոս