
Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի գործը քննող դատավորը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտակ Կարապետյանն է։ Ինչպես հայտնել էր ArmLur.am-ը։ Վերջինս պաշտոնի նշանակվել է նախորդ տարի նոյեմբերին։
Կարապետյանը իր կարիերան սկսել է ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնից, որտեղ զբաղեցրել է քննիչի և ավագ քննիչի պաշտոնները:
ՀՀ նախագահի՝ 2024 թվականի նոյեմբերի 6-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտակ Կարապետյանը 2024 թվականի եկամուտների, անշարժ գույքի, ծախսերի և շահերի հայտարարգրում տվյալ տարվա սկզբում հայտարարագրել է 4 անշարժ գույք՝ 2 բնակարան բազմաբնակարան շենքում և 2 հողամաս։
Գույքերից երեքը գտնվում են Եղեգնաձոր համայնքում, իսկ բնակարաններից մեկը՝ Երևանում։
Վայոց Ձորում գտնվող հողամասերից մեկը Կարապետյանը նախորդ տարի վաճառել է 2 մլն դրամով, սակայն այդ մասին տարեկան եկամուտների բաժնում չի հայտարարագրել։
Արդյունքում տարեվերջին Կարապետյանը ունեցել է երեք անշարժ գույք։
Որպես Տվյալ տարվա սկզբում և վերջում առկա տրանսպորտի միջոց դատավորը հայտարարագրել է 2013 թվականի արտադրության BMW մակնիշի մեքենա, որը ձեռք է բերել 2019 թվականին, երբ աշխատել է ՀՀ դատախազությունում։
Արտակ Կարապետյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են գրեթե 600 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 3 մլն դրամ։
Դատավորի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 17 մլն 299 հազար դրամ, որից 13 մլն 959 հազարն աշխատանքի վարձատրություն է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ Դատական դեպարտամենտից, իսկ 3 մլն 339 հազար դրամը ՀՀ ՊԵԿ-ից ստացված եկամուտ է, որը հիպոտեկի մայր գումարի մնացորդը մարելու համար է։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 38 մլն 300 հազար դրամ, որից 35 մլն 300 հազար դրամը անշարժ գույքի հիպոտեկի մայր գումարի մնացորդն է։
Հիշեցնենք, որ երեկ կեսգիշերին հայտնի դարձավ, որ դատարանը Սամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորեց։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Կարապետյանը մեղադրվում էր՝
«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչություն ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Ս.Կ.-ն զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
2025 թվականի հունիսի 18-ին միջնորդություն է ներկայացվել քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որի կապակցությամբ վերջինիս կողմից նույն օրը որոշում է կայացվել Ս.Կ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։
2025 թվականի հունիսի 18-ին Ս.Կ.-ն ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։»
Էմմա Միքայելյան