Նախորդ տարվա մանկական «Եվրատեսիլ»-ից հետո խոսակցություններ էին պտտվում, որ սա վերջինն է լինելու, սակայն ինչպես տեղեկացրել է «Եվրատեսիլ»-ի ղեկավար Սիթսե Բեքերը, պարզապես մրցույթի բյուջեում կկատարվեն որոշակի կրճատումներ, սակայն այն կշարունակվի անցկացվել տարբեր երկրներում` մասնակից երկրների քանակի մեծացման շնորհիվ: Իսկ մյուս տարվա հունիսին էլ նախատեսվում է մասնակից երկրների թիվը հասցնել 16-ի: Բացի այդ, այս տարի փոխվել է նաեւ քվեարկության գործընթացը: Հեռուստադիտողը կկարողանա իր ձայնը տալ իր սիրելի մասնակցի օգտին միայն քվեարկության համար նախատեսված 15 րոպեում, իսկ քվեարկության ամբողջ հասույթը կտրամադրվի World Vision-ին: Մեկ այլ փոփոխություն կլինի միավորների հայտարարման կարգի մեջ: Ի տարբերություն անցած տարիների, երբ հայտարարվում էին միայն ամենաբարձր միավորները, այս տարի կհայտարարվեն բոլոր միավորները:
Իսկ 2012թ. մանկական «Եվրատեսիլ»-ը տեղի կունենա Նիդեռլանդներում: Այս որոշումը կայացրել է մրցույթի վերահսկող հանձնաժողովը, որը կազմված է տարբեր երկրների ներկայացուցիչներից:
Մանկական «Եվրատեսիլ 2011»-ի հաղթողի մրցանակի հեղինակը դիզայներ Նուռն է: Մրցանակը ստեղծվել է այս տարվա մրցույթի լոգոյի նախատիպով, որը խորհրդանշում է հայկական լեռները: Մրցանակը պատրաստված է թանկարժեք քարից եւ արծաթից:
ԿԱՐԳԸ ՓՈԽՎԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ