Իսրայելական ուժերը գիշերը հարվածներ են հասցրել Իրանի Խոնդաբի միջուկային օբյեկտին, որը երկրի միջուկային ծրագրի առանցքային կենտրոններից է համարվում։ Իրանի Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ օբյեկտը նախապես տարհանվել էր, և ճառագայթման վտանգ չի արձանագրվել։
Իսրայելի բանակը հաստատել է հարվածները՝ նշելով, որ թիրախավորվել են նաև Նաթանզի միջուկային օբյեկտը և բալիստիկ հրթիռների արտադրության մի շարք գործարաններ։
Ի պատասխան, Իրանը հինգշաբթի առավոտյան հրթիռային հարձակումներ է իրականացրել Իսրայելի տարածքում։ Հարվածներ են հասցվել Բեեր Շեբա քաղաքի Սորոկա հիվանդանոցին և հարակից տարածքներին։ Հիվանդանոցի խոսնակը հայտնել է զգալի վնասների մասին։ Հարձակման հետևանքով վիրավորվել է 30 մարդ, որոնցից երկուսի վիճակը ծանր է։ Վնասվել է նաև Թել Ավիվի ֆոնդային բորսայի շենքը։
Իրանական կողմը պնդում է, որ հարվածների բուն թիրախը եղել է հիվանդանոցին հարակից Իսրայելի բանակի հրամանատարության և հետախուզության կենտրոնը։
Վաշինգտոնյան «Մարդու իրավունքների ակտիվիստներ» կազմակերպության տվյալներով՝ վեցօրյա հակամարտության ընթացքում Իրանում զոհվել է առնվազն 639 մարդ, այդ թվում՝ 263 խաղաղ բնակիչ և 154 անվտանգության ուժերի աշխատակից։ Վիրավորների թիվը հասնում է 1329-ի։ Իսկ Իսրայելում զոհերի թիվը հասել է 24-ի։
Միջազգային հանրությունը խորը մտահոգություն է հայտնել իրավիճակի սրման կապակցությամբ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրավիրել է արտահերթ նիստ։ Երկու կողմերն էլ հայտարել են,որ փոխադարձ հարվածները կշարունակվեն։
Անի Վարդանյան
Մանրամասները՝ տեսանյութում․




















































































