Armenian text to speach

Իրանի ԱԳ նախարար Արաղչին Ժնևում կհանդիպի եվրոպական երկրների արտգործնախարարների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին հաստատել է, որ Ժնևում հանդիպելու է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի իր գործընկերների հետ՝ երեք եվրոպական տերությունների խնդրանքով, հայտնում է Իրանի Mehr լրատվական գործակալությունը։

Արաղչին չի նշել հանդիպման ճշգրիտ ամսաթիվը։ Սակայն արևմտյան լրատվամիջոցների ավելի վաղ հաղորդած տեղեկությունների համաձայն՝ հանդիպումը տեղի կունենա ուրբաթ օրը՝ ԵՄ ներկայացուցչի մասնակցությամբ։

Հանդիպման օրակարգը դեռևս հրապարակված չէ։

Սա կլինի առաջին ուղղակի դիվանագիտական շփումը տարածաշրջանում լարվածության կտրուկ աճից և Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների փակուղի մտնելուց հետո, որը հետևեց Իսրայելի կողմից Իրանի ռազմական և միջուկային օբյեկտների թիրախավորմանը։

Հիշեցնենք, որ Իսրայելը մեղադրում է Իրանին ուրանի հարստացման միջոցով միջուկային զենք ստեղծելու փորձերի մեջ։ Թեհրանը հերքում է մեղադրանքները՝ պնդելով, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներ է հետապնդում։

Հունիսի 13-ին Իսրայելը հարվածներ էր հասցրել Թեհրանին և Իրանի մի շարք այլ քաղաքների ուղղությամբ, սպանելով բարձրաստիճան զինվորականների և միջուկային գիտնականների։ Ի պատասխան՝ Իրանը ուրբաթ օրվանից սկսած հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարբեր թիրախների, որոնք հանգեցրել են զոհերի և զգալի վնասների։

Այսօր արդեն հակամարտության յոթերորդ օրն է։ Պաշտոնական տվյալներով՝ մարտական գործողությունների սկզբից ի վեր Իրանում զոհվել է շուրջ 600 մարդ, իսկ Իսրայելում՝ 24։

Անի Վարդանյան




Լրահոս