Ամենայն հավանականությամբ, օգոստոսի 1-ից սկսած, տրանսպորտի ուղետոմսի թղթային տարբերակով QR կոդերը այլեւս չեն գործի։ Թերհավաքագրման խնդիրներից մեկը դա է։ Այս մասին հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ավելի ուշ Երեւանի քաղաքապետարանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գեւորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում գրել էր. «Երեւան քաղաքի փոքրամասնության «իշխանությունը» հերթական քայլն է անում ընդդեմ քաղաքացիների։ «Մուռ» հանելու պրակտիկան շարունակվում է, օգոստոսի 1-ից QR կոդերով օգտվելը տրանսպորտից դառնալու է անհնար։
Միակ նպատակը՝ քաղաքացիներին ստիպել գնել փաթեթներ։
Ոչ բարեփոխված տրանսպորտի բարեփոխումը տապալածները դեմ են դուրս գալիս ժողովրդին»։
ArmLur.am-ը զրուցել է Երեւանի քաղաքապետարանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գեւորգ Ստեփանյանի հետ։
-Պարո՛ն Ստեփանյան, ինչու՞ է Երեւանի քաղաքապետարանը մուռ հանում երեւանցիներից:
-Նախ հիշեցնեմ, որ Տիգրան Ավինյանը փոքրամասնության քաղաքապետ է, քանի որ ՔՊ-ն իր ողջ աստղաբույլով քաղաքապետարանում ունի 9 տոկոս: Սա միայն Ավինյանի ու ՔՊ-ի որոշումը չէ, այլ «Հանրապետություն» կուսակցության՝ երեւանցիներից մուռ հանելու հերթական միջոցն է: Նրանք հերթական որոշումն են կայացրել, որ Երեւանի բնակիչներից խլեն այդ փողերը: Առաջնահերթ թանկացրին ոչ բարեփոխված տրանսպորտը. նրանք չեն բարեփոխել երթեւեկության որակը:
Ըստ իրենց ընդունած փաթեթի՝ սմարթ կանգառներ պետք է լինեին, բայց ոչինչ չկա: Սկզբնական շրջանում քաղաքապետարանի աշխատակիցներին հանեցին քաղաքացիների դեմ, հետո վարորդների ու ուղեւորների միջեւ ընդհարումներ առաջացրին, ավելի ուշ նախագիծը տարան Ազգային ժողով, որպեսզի օրենք ընդունեն եւ տուգանեն մարդկանց. դա էլ չստացվեց:
Այս բարեփոխումները մնացել են Ավինյանի ուսերին, ու նա մտածեց, որ օգոստոսի 1-ից թղթային QR կոդերը հանեն:
Տեղեկացնեմ՝ իրենք այս ամենն անում են, որ ժողովուրդը ստիպված լինի գնել փաթեթներ, բայց այդ փաթեթները գնելով՝ ավելի մեծ խնդիրներ են առաջանալու. մարզերից եկող քաղաքացիները ցանկանում են մեկանգամյա օգտագործման կոդեր, որովհետեւ նրանց ավելի հարմար է մեկանգամյա կիրառման տարբերակը:
-Պարո՛ն Ստեփանյան, այսինքն՝ այս ամբողջ խառնաշփոթը մի նպատա՞կ ունի. վաճառել տրանսպորտի համար նախատեսված փաթեթները:
-Այս ամենը՝ ինչ հիմա կատարվում է, փաթեթները քաղաքացիներին վաճառելու գործընթաց է պարզապես: Այսինքն, եթե քաղաքացին գնել է փաթեթ, կարող է օգտվել տրանսպորտից, եթե չի գնել՝ չի կարող:
Զրուցեց ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ























