Միջուկային պատերազմի հարեւանությամբ ապրող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է «Հայաստանի էլեկտրական ցանցերը» ազգայնացնել, եւ դրա համար նախատեսված հրահանգի ժամկետը լրանում է 2 օրից։ Հունիսի 21-ին ենթակաները պետք է Փաշինյանին զեկուցեն՝ ինչպես խլել էլ. ցանցերը ռուսաստանաբնակ գործարար-բարերար Սամվել Կարապետյանից։
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց 2015 թվականից կայացած գործարքը, որի արդյունքում «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.»-ից ՀԷՑ-ը անցավ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունների խմբին։ Տեղեկացնենք, որ ՀԷՑ-ի բաժնետոմսերի գնորդ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը, ինչպես նախորդ «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությունը, օֆշորային տարածքում` Կիպրոսում գրանցված ընկերություններ են: Այսինքն՝ ՀԷՑ-ին վերաբերող ցանկացած գործողություն նշանակում է ոչ միայն ներհայաստանյան ինչ-որ իրողոթյուն, այլեւ միջազգային սկանդալ։
Նիկոլ Փաշինյանը պետք է իր քմահաճույքները բավարարելու համար շրջանցի ՀՀ Կառավարության եւ Կիպրոսի Կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ պաշտպանության մասին 1998 թ. օգոստոսի 3-ին վավերացված համաձայնագիրը։ Այս համաձայնագրով ՀՀ Կառավարությունը պայմանավորվել է Կիպրոսի հետ ամրապնդել փոխշահավետության եւ երկարաժամկետ հիմունքներով երկու պետությունների միջեւ տնտեսական համագործակցությունը՝
գ նպատակ ունենալով բարենպաստ պայմաններ ստեղծել մի Կողմի ներդրողների` մյուս Կողմի տարածքում ներդրումներ կատարելու համար,
գ գիտակցելով, որ սույն Համաձայնագրով նախատեսված ներդրումների խրախուսումն ու պաշտպանությունը կխթանի նախաձեռնությունն այս ոլորտում։
Ըստ նույն համաձայնագրի՝ «Մի Պայմանավորվող կողմի եւ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների միջեւ վեճը վեց ամսվա ընթացքում չկարգավորվելու դեպքում ներդրողը իրավունք ունի գործը հանձնել`
ա) Ստոկհոլմի Առեւտրի պալատի արբիտրաժին,
բ) Փարիզի Միջազգային առեւտրի պալատի միջնորդ դատարան,
գ) Ներդրումների հետ կապված վեճերի կարգավորման միջազգային կենտրոն, եթե Պայմանավորվող կողմերը մի պետության քաղաքացիների եւ մյուս պետության միջեւ ծագած ներդրումների հետ կապված վեճերի կարգավորման 1965 թվականի մարտի 18-ի Կոնվենցիայի անդամներ են»:
Կարճ ասած՝ Փաշինյանի քմահաճույքը՝ ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանին պատկանող ընկերությունից խլելու վերաբերյալ, միջազգային հարթակներում կունենա վատ հետեւանքներ Հայաստանի ներդրումային վարկանիշի վրա։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որ կարծես որոշել է կուսակցական կարիերա անել, ԱԺ-ում բյուջեի կատարողականի ելույթում հիշել էր մի քանի տարի առաջ ընդդիմադիր պատգամավորների՝ իր սենյակ մտնելը։ Հետո Ավանեսյանը «շշպռեց» ընդդիմությանը, հասցրեց կասկածի տակ դնել կաթողիկոսի կուսակրոնությունը պահպանելու հարցը։ Մի նախարար, որի ամուսինը, ըստ մամուլի, աղանդավորական կազմակերպության անդամ է։ Ավանեսյանը հիշեցրեց ընդդիմադիր պատգամավորների այցը։ Մենք էլ հիշեցնենք՝ երբ նրա սենյակ էին մտել պատգամավորները, իր թիմի անդամները չափազանց վախվորած արձագանքեցին, մինչդեռ Ավանեսյանի նախկին թիմակիցները՝ Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցության անդամները, ավելի շատ պաշտպանեցին տիկին նախարարին, քան ՔՊ-ականները։ Ավանեսյանի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն էլ ԱԺ գրություն ուղարկեց թե՝ էթիկայի հանձնաժողով ձեւավորե՛ք, պատգամավորների քայլին գնահատական տվե՛ք։ Ավանեսյանն էլ խոստանում էր անպատասխան չթողնել կատարվածը։ Անցել են տարիներ, բայց ՔՊ-ականները այդպես էլ որեւէ հանձնաժողով չեն ձեւավորել, իրենց թիմակցին չեն կարողացել պաշտպանել, թե ինչու՝ մնում է միայն ենթադրել։ ՔՊ-ական, կուսակցական աստիճանով բարձրանալ պատրաստվող Ավանեսյանը լավ կաներ՝ «մունաթ գար» իր թիմակիցների վրա, որոնք այդպես էլ մինչեւ հիմա էթիկայի հանձնաժողով չեն ձեւավորել ու իրենց նախարարի հետ կապված հարցը քննության առարկա չեն դարձրել, անգամ խմբակցության մակարդակով չփորձեցին այն ժամանակ պաշտպանել:
Իշխանությունը` հիմնականում Նիկոլ Փաշինյանը, այժմ ողջ պետական ապարատը ուղղել է գործարար Սամվել Կարապետյանին ու նրա ընտանիքին վնասելու գործընթացին, զուգահեռ զբաղված է Կաթողիկոսի հեռացման հարցով: «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ «Կաթողիկոսին փոխելու» վերաբերյալ, շարունակելու է օրակարգային մնալ: Ըստ մեր աղբյուրների՝ այդ գործընթացը եւս շարունակվում է, ու ներքին բոլոր քննարկումներում հարցը մնում է օրակարգային: Փաշինյանը թիմին հայտարարել է՝ կարելի է ասել, որ խորհրդարանական ընտրությունների մեկնարկը տրված է, ու իրենք պետք է ճանապարհն ազատեն բոլոր այն մարդկանց, ովքեր նպատակ կունենան իշխանությունը իրենց ձեռքից վերցնել: Այժմ նրանց օրակարգում երկու հարց է. շարքից դուրս բերել Սամվել Կարապետյանին, այնուհետեւ անցնել Կաթողիկոսին հեռացնելու հարցին, որը կարող է երկար ձգվել:
«Ժողովորդ» օրաթերթի տեղեկություններով՝ վաղը Ազգային ժողովը վերջապես պետք է ավարտի Կառավարության ներկայացրած 2024 թվականի բյուջեի կատարողականը։ Եվ քանի որ օրակարգում շատ հարցեր կան, բայց այս տարվա նստաշրջանն ավարտվում է, ուստի վաղը պետք է նիստն արվարտվի ՀՀ օրհներգով: Որքան էլ, որ հայրենի իշխանությունները նպատակ ունեին ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին եւ խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին զրկել անձեռնմխելիությունից, եւ դրա համար պետք է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը գար խորհրդարան, իշխանությունները չեն հասցնում այս նստաշրջանում այդ հարցը լուծել: Երեկոյան՝ 18:00-ին, այն ավարտվում է: Ըստ իշխանական մեր աղբյուրների՝ արտահերթ նիստերը կմնան հաջորդ շաբաթների համար, ու այդ ժամանակ նոր կքննարկվեն բոլոր հարցերը, որոնք օրակարգում էին, բայց իշխանությունները չհասցրին քննարկել:























