ՀԱՐՑ. Ծնվել եմ 1919 թվականին, զոհվածի այրի եմ, բազմազավակ մայր, այժմ ապրում եմ մենակ: Խնդրում եմ ինձ խորհուրդ տվեք, թե ինչպես կարող եմ ավանդս ստանալ: Դիմել եմ տարբեր կառույցների, ինձ ոչինչ չեն պատասխանել: Ի՞նչ անեմ, ո՞ւմ դիմեմ, որ գոնե բացառության կարգով գումարներս տան:
թոշակառու
ՊԱՏԱՍԽԱՆ. Այժմ ավանդները ստանում են բոլոր այն քաղաքացիները, որոնք 2005-2006 թվականներն անընդմեջ եղել են «Փարոս»-ի անդամ եւ արդեն իսկ հերթագրվել են: Մոտ 62.000 մարդ հերթագրվել է, որոնցից մոտ 44.000-ն արդեն ստացել է: Մյուսները կստանան մինչեւ 2014 թվականը: Այժմ ոչ մի հերթագրում չկա: «Օրինաց երկիր» կուսակցությունը շատ է ուզում, որ 85 տարեկանից բարձր բոլոր մեծահասակները ստանան իրենց ավանդները, բայց դեռ հերթը վաղուց հերթագրվածներինն է: Դեռ նոր ոչինչ չկա, որ լինի, արդեն հեռուստատեսությամբ կհայտարարվի, կխոսվի, որ 85-ից բարձրերն էլ կարող են ստանալ, որովհետեւ իրենք սպասելու ժամանակ չունեն:
Ավանդները ժառանգաբար չեն փոխհատուցում, եւ պետք է մարդն իր անունով ունենա ավանդ, որ կարողանա այն ստանալ: Այսօր շատ մարդիկ կան, որ այդ հարցն են բարձրացնում, բայց պետությունն առաջնահերթ սկսեց տալ ավելի շատ կարիքավորներին` «Փարոս»-ի անդամներին, զոհված ազատամարտիկների ընտանիքներին, միայնակ թոշակառուներին, աղետի գոտու բնակիչներին եւ այլն: 2014 թվականից հետո, երբ արդեն կվերջանա հերթագրվածների թիվը, նորից պետությունը կորոշի, թե ում տա, ոնց տա, միգուցե արդեն անհրաժեշտ չլինի, որ պարտադիր լինեն «Փարոս»-ի անդամ, գուցե միայն տարիքը հաշվի առնեն եւ վերջ:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՕԵԿ-ը, իհարկե, շատ կցանկանա, որ հատկապես առաջիկա ամիսներին ավանդների խնդիրը հնարավորինս շատ արծարծվի, եւ նախընտրական շոուն հավուր պատշաճի կազմակերպվի: Թվերը, սակայն, բոլորովին այլ իրողություններ են փաստում. մինչեւ այժմ տասնյակ հազարավոր քաղաքացիների փոքր մասին է հաջողվել խորհրդանշական փոխհատուցումը ստանալ, ինչն էլ վկայում է, որ ավանդների վերադարձման հարցը գրեթե հիմնավորապես տապալված է, եւ կորած փողերը ստանալու հույսերն անիմաստ են: