ՀԱՐՑ. Հաշվի առնելով այն, որ Հայաստանից Վրաստան հանգստի մեկնողների թիվը բավականին մեծ է, ցանկանում եմ իմանալ 2011 թվականի ընթացքում գնացքից օգտվողների թի՞վն էլ է մեծացել 2010 թվականի համեմատ, թե՞ մնացել է նույնը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Անշուշտ, այս տարի գնացքով Վրաստան մեկնողների թիվը զգալիորեն աճել է, ինչը արտացոլվել է նաեւ «Հարավկովկասյան երկաթուղու» ուղեւորափոխադրումների ցուցանիշներում: Ընդհանուր առմամբ, 2011 թվականի հունվարից մինչեւ հոկտեմբեր մենք տեղափոխել ենք 501.000 ուղեւոր, դրա մեջ մտնում են ինչպես ներհանրապետական, այնպես էլ միջպետական ուղեւորափոխադրումները: Միջպետական ասելով՝ հասկանում ենք Երեւան-Բաթում-Երեւան-Թբիլիսի ուղերթերը: Ինչ վերաբերում է զուտ միջպետական ուղեւորափոխադրումներին, ապա հունվարից մինչեւ հոկտեմբեր միջազգային հաղորդակցությունում մենք տեղափոխել ենք 52.300 ուղեւոր, ինչը 3,6 տոկոսով ավել է, քան 2010 թվականի համապատասխան ժամանակահատվածում տեղափոխած ուղեւորների քանակը: Այս արդյունքները հիմնականում ստացել ենք շնորհիվ Երեւան-Բաթում-Երեւան ֆիրմային գնացքի շահագործման:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բնական է, որ սոցիալական վիճակի վատթարացումը նախընտրելի է դարձնում ուղեւորափոխադրումների համեմատաբար մատչելի տարբերակները: Այս առումով պատահական չէ, որ գնացքից օգտվողների թիվն աճել է, եւ հեռանկարում նույնպես այն շարունակելու է նախընտրելի տարբերակ մնալ: Ինչ խոսք, ուղեւորափոխադրումների աճին նպաստում է նաեւ մետաղի ջարդոնի վերածված հնամաշ վագոնների նորացումը: