Իրանում իրավիճակը շարունակում է լարված մնալ:
Իրանի անվտանգության ուժերը, ըստ տեղեկությունների, կանխել են Թեհրանում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի դեմ մահափորձը, որը, ենթադրաբար, կազմակերպվել էր Իսրայելի կողմից: Այս բացահայտումը ի հայտ է եկել Իրանի և Իսրայելի միջև լարվածության սրման ֆոնին, որը համընկնում է Ժնևում կայանալիք կարևորագույն միջուկային բանակցությունների հետ: Հիշեցնենք, որ Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին հաստատել էր, որ Ժնևում հանդիպելու է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի իր գործընկերների հետ՝ երեք եվրոպական տերությունների խնդրանքով, հայտնել էր Իրանի Mehr լրատվական գործակալությունը։
Իրան- իսրայել փոխադարձ հարվածները շարունակվում են:
Իրանը այսօր հարվածել է Բեեր Շևայում տեղակայված իսրայելական ՊՆ-ին կիբեռանվտանգության ծառայություններ մատուցող IT-ընկերության և Microsoft-ի գրասենյակներին։
Իսկ երեկ Իրանի հարձակման հետևանքով վնասվել էր Բեեր Շևայի խոշոր հիվանդանոցներից մեկը՝ «Սորոկա» բժշկական կենտրոնը:
Իրանական կողմը պնդում է, որ հարվածների բուն թիրախը եղել է հիվանդանոցին հարակից Իսրայելի բանակի հրամանատարության և հետախուզության կենտրոնը։
Իսկ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նախազգուշացրել է ԱՄՆ-ին Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ որևէ սխալ քայլ չձեռնարկել:
Պեսկովն ընդգծել է, որ եթե Միացյալ Նահանգները որևէ քայլ ձեռնարկի Իրանի դեմ, Մոսկվան դա կդիտարկի որպես լուրջ սխալ, քանի որ պատերազմում ԱՄՆ-ի ներգրավվածությունը էլ ավելի կսրի ներկայիս լարվածությունը տարածաշրջանում:
Իր հերթին Իրանի նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանը չի սկսել այս պատերազմը, բայց անշուշտ նա կլինի այն երկիրը, որը կորոշի, թե ինչպես կավարտվի պատերազմը:
Զարիֆը շեշտել է, որ Իրանը երեք դար շարունակ չի հարձակվել որևէ երկրի վրա, սակայն ցուցաբերել է անհավանական դիմադրողականություն՝ պաշտպանելով Իրանի անվտանգությունը:
Ավելի վաղ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը հեռախոսազրույց էին ունեցել: Ռուսաստանի և Չինաստանի նախագահները հեռախոսազրույցի ընթացքում քննադատել էին Իսրայելի գործողությունները Իրանի դեմ՝ շեշտելով լարվածության թուլացման անհրաժեշտությունը։ Նախագահները համակարծիք են եղել, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ մտահոգությունները չեն կարող լուծվել ռազմական ճանապարհով։ Նրանք կոչ են արել խնդիրը լուծել դիվանագիտական ջանքերով։ Սի Ծինփինը հատկապես ընդգծել է Ռուսաստանի դերը որպես հնարավոր միջնորդ՝ նշելով, որ ՌԴ-ն կարող է նպաստել լարվածության թուլացմանը։
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Իսրայելը հարվածներ էր հասցրել Թեհրանին և Իրանի մի շարք այլ քաղաքների ուղղությամբ, սպանելով բարձրաստիճան զինվորականների և միջուկային գիտնականների։ Ի պատասխան՝ Իրանը ուրբաթ օրվանից սկսած հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարբեր թիրախների, որոնք հանգեցրել են զոհերի և զգալի վնասների։
Այսօր արդեն հակամարտության ութերորդ օրն է։ Պաշտոնական տվյալներով՝ մարտական գործողությունների սկզբից ի վեր Իրանում զոհվել է շուրջ 600 մարդ, իսկ Իսրայելում՝ 24։
Հիշեցնենք, որ Իսրայելը մեղադրում է Իրանին ուրանի հարստացման միջոցով միջուկային զենք ստեղծելու փորձերի մեջ։ Թեհրանը հերքում է մեղադրանքները՝ պնդելով, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներ է հետապնդում։
Անի Վարդանյան





























