Armenian text to speach

«Այն ազգը, որը կկորցնի Ղարաբաղը կտապալվի լրիվ»․ այսօր Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հիշատակի օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Չի կարելի հանձնել ոչ մի կտոր հող. ինչ էլ ասեն կենտրոնական կամ ոչ կենտրոնական, միջազգային կամ ազգային գործիչները. սա՛ Հայաստան է և … վերջ, ո՛չ ոք իրավունք չունի սա վաճառքի դնել»,- ասել է  Լեոնիդ Ազգալդյանը։

1992 թվականի այս օրը՝ հունիսի 21-ին, Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մոտ, թշնամու դավադիր կրակոցներից զոհվել է Արցախի հերոս, ազատամարտիկ Լեոնիդ Ռուբենի Ազգալդյանը։

Լեոնիդ Ազգալդյանը ծնվել է թիֆլիսաբնակ հայի ընտանիքում, որ հետագայում տեղափոխվել են հայրենիք և ապրել Երևանում։ Մայրաքաղաքում էլ Լեոնիդը հաճախել է Ասքանազ Մռավյանի անվան դպրոց ապա իր ուսումը շարունակել Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում, ապա իր ուսումն շարունակել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետը և այն փայլուն ավարտել է ռադիոֆիզիկա մասնագիտությամբ։

Արցախյան շարժման սկզբնավորման օրից Լեոնիդ Ազգալդյանը, որպես ռազմական առաջատար գործիչ, ակտիվորեն մասնակցել է հայ ազգային-ազատագրական պայքարին։ 1990 թվականի փետրվարից վարել է «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կառույցի հրամանատարությունը։ Նա կազմակերպել և ղեկավարել է Խորհրդային Հայաստանի մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի շրջանի ինքնապաշտպանական մարտերը, անձամբ մասնակցել բազմաթիվ ազատագրական մարտերի, այդ թվում՝ Նռնաձորի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ի կայարանի և Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրել և իրականացրել է խորհրդային պատժիչ զորքերի Երևան ներթափանցման փորձի կանխումը։

«Այն ազգը, որը կկորցնի Ղարաբաղը, կտապալվի լրիվ: Թուրքը կկորցնի ուրեմն թուրքը: Հայը ուրեմն հայը: Դրա համար այստեղ շատ կարեւոր հարցեր են լուծվում. դա միայն մի փոքր կտոր հողի հարց չէ»,- այսպես էր մտածում և այս սկզբունքով էր գործում Լեոնիդը, որ հետագայում իր ճակատագիրն ամբողջությամբ կապել է Արցախի ազատամարտի հետ՝ սկզբում գործելով Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում։ 1991 թվականի հունիսին Հովսեփ Հովսեփյանի հետ նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։ Թեկուզ միայն Հայաստան-Արցախ-Սփյուռք ճիգերի համադրման իմաստով այդ կազմակերպությունը նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում։

«Եթե գան ու ձեզ ասեն, որ զոհվել եմ ես` չհավատաք։ Ես Իսթամբուլի պարիսպների տակ եմ ընկնելու»,- սիրում էր կրկնել Ազգալդյանը, երբ թշնամին կեղծ լուրեր էր տարածում, թե Լեոնիդին սպանել են։

Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշաններով։
2002 թվականի դեկտեմբերի 11-ին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Մովսես Խորենացու փողոցի խաչմերուկում կանգնեցվել է Լեոնիդ Ազգալդյանին նվիրված հուշարձան։

2019 թվականի ապրիլին կազմակերպվել էր ստորագրահավաք Լեոնիդ Ազգալդյանին ազգային հերոսի կոչում շնորհելու նպատակով։ 2019 թվականի օգոստոսի 31-ին Արցախի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախյան ազատամարտի ընթացքում իրականացրած ռազմական գործունեության համար Լեոնիդ Ազգալդյանին հետմահու շնորհվեց Արցախի հերոս կոչում և «Ոսկե արծիվ» շքանշան։

Նանիկ Աղասյան




Լրահոս