Armenian text to speach

Պենտագոնը բացահայտում է Իրանի միջուկային օբյեկտների դեմ հարվածի մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Պենտագոնը բացահայտում է, թե ինչպես են B-2 ռմբակոծիչները հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին

Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաները նոր մանրամասներ են հայտնել Իրանի երեք միջուկային օբյեկտների ռմբակոծման ԱՄՆ գործողության մասին: Միացյալ շտաբների պետերի կոմիտեի նախագահը հայտարարել է, որ սա «ԱՄՆ պատմության մեջ B-2 ամենամեծ գործառնական հարվածն էր» և թիրախներին հասցրել է «չափազանց ծանր վնասներ և ավերածություններ»:

«Սա խիստ գաղտնի առաքելություն էր, որի ժամկետների և բնույթի մասին Վաշինգտոնում շատ քիչ մարդիկ գիտեին», – ասել է գեներալ Դեն Քեյնը կիրակի առավոտյան Պենտագոնում կայացած բրիֆինգի ժամանակ, որտեղ մանրամասներ է ներկայացրել Ֆորդոյում, Նաթանզում և Իսֆահանում գտնվող իրանական միջուկային օբյեկտների դեմ հարվածների մասին:

Քեյնը հայտնել է, որ «Կեսգիշերային մուրճ» կոդանունով գործողությանը մասնակցել են յոթ B-2 Spirit ռմբակոծիչներ, որոնք թռել են Միսսուրիի Ուայթմեն ռազմաօդային բազայից դեպի արևելք՝ Իրան: B-2-ների մեկ այլ խումբ թռել է արևմուտք՝ Խաղաղ օվկիանոսի վրայով՝ որպես խաբկանք:

Իրանի թիրախների վրա հարված հասցնող ռմբակոծիչների 18-ժամյա թռիչքը պահանջել է բազմաթիվ վերալիցքավորումներ օդում՝ Ատլանտյան և Միջերկրական ծովերը հատելիս: Ռմբակոծիչները Մերձավոր Արևելքում միացել են ամերիկյան կործանիչներին և օժանդակ ինքնաթիռներին՝ իրականացնելով «բարդմանևր»:

Գործողության արդյունքում բոլոր երեք օբյեկտները կրել են «չափազանց ծանր վնասներ և ավերածություններ»: Օգտագործվել է ավելի քան 75 բարձր ճշգրտության զենք, իսկ գործողությանը մասնակցել է ավելի քան 125 ամերիկյան ինքնաթիռ:

Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հարվածը որակել է «անհավանական հաջողություն»:

Նախագահ Թրամփը շաբաթ երեկոյան հայտարարել է հարվածների մասին՝ նշելով, որ օբյեկտները «լիովին և ամբողջությամբ ոչնչացվել են»: Նա նաև զգուշացրել է «շատ ավելի մեծ» հարվածների իրականացնելու մասին, եթե Իրանը «խաղաղություն չհաստատի»:

Պենտագոնը զգուշացրել է Իրանին՝ պատասխան գործողություններից զերծ մնալ, նշելով, որ ամերիկյան ուժերը մնում են բարձր պատրաստվածության վիճակում:

Անի Վարդանյան




Լրահոս