Armenian text to speach

Բաց նամակ․ ժաննա Անդրեասյան, իրո՞ք թքած ունեք Բրյուսովի անվան պետական համալսարանի վրա․ համալսարանի աշխատակիցներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի աշխատակիցները բաց նամակ են փոխանցել, որն ուղղված է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։

«Մինչև Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում մի ամբողջ համակարգ է քանդվում, ԿԳՄՍ նախարարությունը, կարծես թե, բարձր լռությամբ հետևում է գործընթացին։

Հանրային բողոքներն ու բաց նամակները, որոնք ուղղված էին Ձեզ, տիկին Ժաննա Անդրեասյան, կարծես թե մնացին առանց որևէ առարկայական արձագանքի։ Դուք՝ որպես Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, ունեք պարտավորություն արձագանքելու համալսարանական համայնքի վրդովմունքին, բայց այն, ինչ տեսնում ենք այսօր, կարելի է նկարագրել մեկ բառով՝ անտեսում։

Տևական ժամանակ համալսարանում արձանագրվում են զանգվածային և խտրական ազատումներ։ Ոչ մի թափանցիկություն, ոչ մի հիմնավորում։ Աշխատանքից ազատվում են լավագույն մասնագետները, իսկ իրենց տեղը զբաղեցնում են կասկածելի անցյալով և կապերով մարդիկ։ Համալսարանի գիտական ու մանկավարժական ներուժը ոչնչացվում է՝ հանուն անձնական հաշիվների մաքրության։

Դուք լռում եք։

Ձեզ ուղղված բաց նամակները մնում են անպատասխան։ Ինչպե՞ս կարելի է խոսել ժողովրդավարության մասին, երբ ոլորտային գերատեսչությունը լռում է ակնհայտ անօրինությունների ֆոնին։ Չէ՞ որ համալսարանը պետական կառույց է, ենթակա Ձեր վերահսկողությանը։

Սա պարզապես անտարբերություն չէ։ Սա՝ քաղաքական անպատասխանատվություն է։

Պարոն Գյուրջինյանի վարչական գործելաոճը համալսարանում գնալով հիշեցնում է բռնապետություն՝ աշխատանքից ազատումներ, վախի մթնոլորտ, ճնշումներ, էթիկայի անվան տակ ազատ մտածողության լռեցում։ Իսկ Դուք, տիկին նախարար, շարունակում եք լռել: Մեջբերում գիտական խորհրդի նիստին տեղի ունեցած Գյուրջինյանի նսեմացնող ելույթից՝ «Նախարարի հետ թքած ունենք բարձր սարից ձեր գրությունների վրա»

Համալսարանի պատիվը ոտնահարվում է։ Մարդկային արժանապատվությունը՝ նույնպես։ Ո՞ւր է Ձեր դիրքորոշումը։

Բրյուսովի համալսարանը պետության մշակութային և լեզվական քաղաքականության առանցքային դերակատարներից է։ Նրա թուլացումը հարված է ոչ միայն կրթական համակարգին, այլև Հայաստանի ինքնությանը։

Այս լռությունը, հարգելի տիկին Անդրեասյան, դառնում է մեղսակցություն։

Խնդրում ենք (և պահանջում ենք) հստակ արձագանք՝
• Արդյո՞ք նախարարությունը տեղյակ է կատարվող գործընթացներից։
• Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը ազատումներին ու մթնոլորտին։
• Արդյո՞ք իրականացվել է ուսումնասիրություն համալսարանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
• Ո՞վ է պատասխան տալու մասնագիտական հենքով կործանված համալսարանի համար։

Համալսարանը լուռ չի մնա։ Ճշմարտությունը վաղ թե ուշ դուրս է գալիս լույս աշխարհ։
Իսկ լռությունը միշտ՝ ամենախոսունն է»։

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի աշխատակիցներ:

Ս․ Գրիգորյան




Լրահոս