«ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գոմեշի մսի գործով, կարելի է ասել, որ սայլն արդեն տեղից շարժվում է: Ժամանակին բավականին մեծ աղմուկ հանած այս բացահայտումից հետո բանակի բարձրաստիճան մի շարք զինվորականներ պաշտոնանկ եղան: Եվ ահա շուրջ երեք տարի բացահայտված այս գործով ներգրավված անձինք այսօր ծանոթանում են գործի նյութերին: «Ժողովուրդ»-ին այս մասին հայտնեց ՀՀ ՊՆ քննչական վարչության հասարակայնության հետ կապերի սպա Մերի Սարգսյանը. «Քրեական գործը գտնվում է նյութերի ծանոթացման փուլում: Ապրիլի 11-ից կայացվել է որոշում, որ գան եւ ծանոթանան գործի նյութերին»: Հիշեցնենք, որ 2012 թ. հունիսին 2-րդ կայազորային զինդատախազության կողմից ուսումնասիրություններ էին կատարվել ԼՂՀ ՊԲ պարենային կենտրոնական պահեստում, եւ զորամասերին գոմեշի միս մատակարարելու համար հարուցվել էր քր.գործ ՀՀ քր. օր.-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն): Ի դեպ, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս գործից հետո պաշտոնանկ եղած ԶՈՒ պետի տեղակալ Արշալույս Փայտյանը վերջերս նշանակվել է նախարար Ս. Օհանյանի խորհրդական»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։