Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրանը հրթիռակոծել է ԱՄՆ ռազմաբազան Կատարում. տարածաշրջանը նոր ճգնաժամի եզրին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեկ երեկոյան Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ սրվեց, երբ Իրանի Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսը հրթիռային հարված հասցրեց «Կատարում տեղակայված ամերիկյան խոշորագույն՝ Ալ-Ուդեիդ ռազմաբազային: Այս քայլը եղավ ի պատասխան շաբաթ օրը ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների թիրախավորման:

Տարբեր աղբյուրներ տարբեր թվեր են նշում արձակված հրթիռների վերաբերյալ: Իրանը պնդում է 6 հրթիռի մասին, ԱՄՆ-ը խոսում է 14-ի մասին, իսկ Ռոյթերսը, հղում անելով Կատարի պաշտոնյաներին, հաղորդում է 19 հրթիռի մասին: Բոլոր հրթիռները խոցվել են հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից:

New York Times-ի հաղորդմամբ, Իրանը նախապես տեղեկացրել էր Կատարին սպասվող հարվածի մասին՝ զոհերից խուսափելու նպատակով: Այս քայլը դրական է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Շնորհակալ ենք նախազգուշացման համար, որը թույլ տվեց խուսափել զոհերից: Սա թույլ հարված էր, նրանք արտահայտեցին իրենց զայրույթը: Հիմա խաղաղության հնարավորություն կա», – նշել է նախագահը:

Իր հերթին Կատարի արտգործնախարարությունը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ՝ դատապարտելով հարձակումը որպես «ինքնիշխանության կոպիտ խախտում»: Միևնույն ժամանակ, Դոհան հիշեցրել է, որ «Կատարն առաջիններից էր, որ զգուշացրեց տարածաշրջանում իսրայելական էսկալացիայի վտանգների մասին»:

Ինչ վերաբերվում է Ալ-Ուդեիդ ռազմաբազայի ռազմավարական նշանակությանը , ապա թիրախավորված Ալ-Ուդեիդ ռազմաբազան ԱՄՆ-ի տարածաշրջանային օդային գործողությունների գլխավոր շտաբն է: Այստեղ ծառայում են ոչ միայն ամերիկացի, այլև բրիտանացի զինվորականներ: Բազայում տեղակայված է մոտ 8,000 ամերիկացի զինծառայող:

Հարվածից առաջ Կատարը փակել էր իր օդային տարածքը: Համադ միջազգային օդանավակայանի շուրջ 100 չվերթ վերաուղղորդվել են այլ օդանավակայաններ: Օդանավակայանը, որը օրական սպասարկում է 140,000 ուղևոր, աշխարհի 10 ամենազբաղված օդանավակայաններից է համարվում:

Երեկ ուշ երեկոյան Թրամփը հայտարարեց Իրան-Իսրայել զինադադարի մասին: Իսրայելն արդեն հաստատել է իր համաձայնությունը՝ նշելով, որ «ցանկացած խախտման կպատասխանի ուժով»: Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեին հայտարարել է, որ իրենց երկիրը «չի ենթարկվի որևէ մեկի ոտնձգություններին»:

Հիշեցնեք, որ ներկայիս լարվածությունը սկիզբ առավ հունիսի 13-ին, երբ Իսրայելը սկսեց հրթիռային հարվածներ հասցնել Իրանի միջուկային և ռազմական օբյեկտներին: Շաբաթ օրը ԱՄՆ-ը միացավ գործողություններին՝ թիրախավորելով երեք միջուկային կառույց:

Իսրայելը և ԱՄՆ-ը տարիներ շարունակ փորձում են կանխել Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը: Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում:

Միջազգային փորձագետները նշում են, որ առկա է էսկալացիայի լուրջ վտանգ, չնայած հայտարարված զինադադարին: Տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ անկայուն:

Անի Վարդանյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս