Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության (ԱԷԿ) ղեկավար Մոհամմադ Էսլամին հայտարարել է, որ ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները երկրի միջուկային գործունեության անխափան շարունակականությունն ապահովելու համար:
Երեքշաբթի օրվա իր ելույթում Էսլամին դատապարտել է Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների դեմ իրականացված ռազմական հարձակումները:
«Կազմակերպությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ քայլերը և ներկայումս գնահատում է թիրախավորված օբյեկտներին հասցված վնասները», – նշել է նա՝ ավելացնելով, որ նախապես մշակվել էին միջուկային գործունեության վերականգնման ծրագրեր:
ԱԷԿ-ի ղեկավարը հատուկ ընդգծել է, որ գոյություն ունեն հստակ պլաններ՝ միջուկային արդյունաբերության ոլորտում արտադրության և ծառայությունների գործընթացում որևէ ընդհատում թույլ չտալու համար:
Նույն օրը ԱԷԿ-ի խոսնակ Բեհրուզ Քամալվանդին Իրանի պետական հեռուստատեսություն տված հարցազրույցում նշել է. «Միջուկային արդյունաբերությունն այնքան խորն է արմատավորված Իրանում, որ թշնամիները չեն կարող արմատախիլ անել այս տեխնոլոգիան»:
«Իրանն ունի այնպիսի կարողություններ և ներուժ, որոնք թույլ են տալիս անընդհատ առաջընթաց ապահովել միջուկային ոլորտում», – ընդգծել է Քամալվանդին:
Հիշեցնենք, որ վերջին օրերին Իրանի միջուկային օբյեկտները թիրախավորվել էին նախ Իսրայելի, այնուհետև ԱՄՆ-ի կողմից, ինչին ի պատասխան Իրանը հրթիռային հարված հասցրեց Քաթարում տեղակայված ամերիկյան Ալ-Ուդեիդ ռազմաբազային:
Անի Վարդանյան




















































































