
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույցում հավաստիացրել է Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիին, որ երկուշաբթի օրը Դոհայի մոտ ամերիկյան ռազմաբազայի վրա հրթիռային հարվածը միայն պատասխան էր ԱՄՆ-ի՝ իսրայելական ագրեսիային մասնակցության համար:
«Ես անհապաղ կապ հաստատեցի Ձեզ հետ՝ հավաստիացնելու, որ երեկվա միջադեպը բացառապես արձագանք էր ԱՄՆ-ի ուղղակի և բացահայտ մասնակցությանը սիոնիստական ռեժիմի՝ Իրանի տարածքի դեմ ագրեսիային: Այն չպետք է մեկնաբանվի որպես Իրանի Իսլամական Հանրապետության և իր բարեկամ ու եղբայրական հարևան Կատարի միջև հակամարտություն», – հավելել է Փեզեշքիանը:
Նախագահը գովեստի խոսքեր է հղել շեյխ Թամիմին՝ պատերազմը կանգնեցնելու նրա ջանքերի և իրանցիների հետ համերաշխության համար:
Անդրադառնալով միջուկային ծրագրի շուրջ խնդիրներին՝ Փեզեշքիանն ասել է. «Դուք տեղյակ եք, որ մենք բանակցում էինք խնդիրները լուծելու համար, սակայն հենց բանակցությունների ընթացքում հարձակման ենթարկվեցինք: Ռազմական ճնշման պայմաններում բանակցությունները նպատակ ունեն պարտադրել ագրեսորի պահանջները, ուստի մենք չէինք կարող ընդունել դրանք, մինչև պատշաճ պատասխան չտայինք սիոնիստական ռեժիմի ագրեսիային»:
«Այսօր սիոնիստական ռեժիմը և նրա աջակիցները հասկացան, որ Իրանը Գազան, Լիբանանը կամ Սիրիան չէ, որտեղ մի քանի հարվածով կարող են հասնել իրենց նպատակներին: Իրանի ժողովուրդը կանգնած է ամուր և կպաշտպանի իր օրինական իրավունքները մինչև վերջ», – ընդգծել է Իրանի նախագահը:
Իր հերթին Կատարի էմիրը նշել է, որ իր երկիրը զգալի ջանքեր է գործադրել՝ տարածաշրջանը սիոնիստական ռեժիմի սադրանքներից պաշտպանելու համար: Նա հավաստիացրել է, որ Կատարում գտնվող ամերիկյան ռազմաբազան երբեք չի օգտագործվել և չի օգտագործվի Իրանի դեմ հարձակումների համար:
«Չեմ թաքցնում, որ երկուշաբթի օրվա դեպքերը մեծ ցնցում էին ինձ և Կատարի ժողովրդի համար: Միևնույն ժամանակ, գնահատելով Ձեր զանգը և կարեկցանքը: Սիոնիստական ռեժիմի ռազմական ագրեսիայի ընթացքում Կատարի ժողովրդի համերաշխությունը իրանցի եղբայրների հետ վկայում է, որ մենք մտածում ենք ապագայում մեր հարաբերությունների խորացման և ընդլայնման մասին», – նշել է շեյխ Թամիմը:
Անի Վարդանյան