Ֆինանսական շուկայի զարգացման և թվայնացման նոր էջ է բացվում Հայաստանում:
Ամերիաբանկը դարձավ Հայաստանի առաջին բանկը, որն իր ներդրումային հաճախորդներին հնարավորություն է տալիս MyInvest հարթակի միջոցով ուղիղ հասանելիություն ունենալ Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX)՝ AMXTrader առևտրային համակարգին։ Այս նշանակալի իրադարձությունը նշանավորվեց բորսայական ավանդական զանգի հնչեցմամբ։
Նոր ինտեգրման շնորհիվ MyInvest-ի օգտատերերը կարող են իրենց բջջային հավելվածից ներկայացնել առքուվաճառքի հայտեր, որոնք ակնթարթորեն արտացոլվում են AMXTrader համակարգում։ MyInvest-ն Ամերիաբանկի ներդրումային հարթակն է, որը հասանելիություն է ապահովում միաժամանակ 30-ից ավելի միջազգային ֆինանսական շուկաների և 20,000-ից ավելի բաժնետոմսերի ու պարտատոմսերի:
Այն բանկի հաճախորդներին հնարավորություն է ընձեռում իրականացնել բազմաթիվ գործարքներ այդ թվում պարտատոմսերի շուկայում, ցուցաբերել մեծ ակտիվություն և դրանով իսկ նպաստել բորսայի ակտիվության բարձրացմանը։
AMX-ի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը խոսքով. «Ուղիղ հասանելիությունն AMXTrader առևտրային հարթակին ստեղծում է նոր որակի փորձառություն՝թե՛ ներդրողի, և թե՛ ֆինանսական կազմակերպության համար։
Մենք ողջունում ենք Ամերիաբանկի այս առաջադեմ քայլը, որը կարող է օրինակ ծառայել նաև այլ ընկերությունների համար»։
Եգանյանը նաև նշել է , որ նմանատիպ համագործակցությունները խթանում են կապիտալի շուկայի զարգացումը՝ դարձնելով այն ավելի բաց, դինամիկ և արդյունավետ։
Նմանատիպ թվայնացված լուծումները ոչ միայն բարձրացնում են ներդրումային մշակույթի մակարդակը, այլ նաև էական խթան են կապիտալի շուկայի ներուժի լիարժեք իրացման համար:
«Հայաստանի ֆոնդային բորսայի և Ամերիաբանկի այս նոր համագործակցությունը շրջադարձային է թե՛ Ամերիայի թվային ներդրումային ծառայությունների զարգացման, և թե՛ ընդհանրապես Հայաստանի կապիտալի շուկայի առաջխաղացման համար »,-հավելել է Ամերիաբանկի արտարժութային և բրոքերային գործառնությունների գծով համատնօրեն Դիանա Հակոբյանը:
Ամերիաբանկի ներդրումային թրայբի ղեկավար, Արտուշ Ենգիբարյան խոսքով MyInvest հարթակը հնարավություններ է տալիս ներդրումներ կատարել, ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային շուկայում:
Հարկ է նշել, որ նմանատիպ թվայնացված լուծումները ներդրողների համար ստեղծվում են որակապես նոր հնարավորություններ՝ ապահովելով գործարքների արագություն և հասանելիություն:


























































































