ԲՀԿ անդամներից ովքե՞ր նվիրված չեն հարազատ կուսակցությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանից armlur.am-ը հետաքրքրվեց` արդյոք Դավիթ Քոչարյանից հետո ԲՀԿ-ի շարքերը չեն լքի նաև այլ ԲՀԿ-ականներ, հատկապես՝ գործարար թևի անդամները:

Հիշեցնենք, որ  ԲՀԿ անդամ Դավիթ Քոչարյանը հրաժարվել էր պատգամավորական մանդատից:

Ըստ Խաչատրյանի` նման եզակի դեպքեր բոլոր կուսակցություններում էլ հնարավոր են, պետք է  հասկանալ` պատճառներն ինչ են:

«Եթե անգամ ԲՀԿ-ից կեսն էլ գնա, ԲՀԿ-ին հավատացողների զանգվածն ավելանալու է, ոչ թե՝ պակասելու»,- ասաց  պատգամավորը:

-Այնուամենայնիվ, չեք մտահոգվում, որ գործարար հատվածը կլքի ԲՀԿ-ն:

-Չեմ մտահոգվում, որովհետև կարծում եմ` ոչ ոք չի լքի: Իսկ եթե որևէ մեկը պատրաստ է լքելու որևէ թիմ, դրանից միայն թիմը կուժեղանա:

-Բայց չէ՞ որ ունենում է քանակի կորուստ…

-Քանակը որակ չի ստեղծում: Թիմին նվիրված անձը ուժ է տալիս թիմին, իսկ չնվիրվածը, եթե ինչ-որ առիթի է սպասում, որ իր շահերի համար ինչ-ինչ քայլեր անի, նա կարող է միայն թուլացնել թիմը:  ԲՀԿ-ն միայն պատգամավորներից կազմված չէ, պատգամավորները դրանց մի քանի տոկոսն են կազմում, որոնք իրենց արժանիքներով ավելի չեն, քան մնացած կուսակցականները:

-Իսկ ձեր կուսակցությունում շա՞տ են ԲՀԿ-ին չնվիրվածները:

-Ես նման մարդկանց չեմ ճանաչում, նման մարդիկ  սովորաբար ի հայտ են գալիս իրենց գործողությունների ժամանակ:

-Արդյոք Նաիրա Զոհրաբյանի  վերջին հայտարարությունը, թե «որոշ ԲՀԿ-ականներ, եթե այլ ձևաչափերով հնարավոր է ներգրավված լինեն կառավարությունում, ապա նույն պահից այդ մարդիկ կդադարեն լինել ԲՀԿ անդամ, կհեռացվեն կուսակցութունից» հայտարարությունը չի՞ նշանակում, որ ԲՀԿ-ն աստիճանաբար գնում է ընդդիմություն դառնալու ճանապարհով:

-Ինձ համար կա «ոչ իշխանություն» հասկացությունը: Ինձ համար «ընդդիմություն», «այլընտրանք» հասկացությունները խորթ են: ԲՀԿ-ն ոչ իշխանական ուժ է: Ես չեմ կարող իմ երկրում ընդդիմություն լինել, դեմ լինել մեր երկրին:

Սոնա Դավթյան




Լրահոս