Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են, որտեղ քննարկել են տարածաշրջանային և գլոբալ հարցեր, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները:
Թուրքիայի հաղորդակցությունների վարչության հաղորդագրության համաձայն, նախագահ Էրդողանը ողջունել է «ԱՄՆ նախագահ Թրամփի ջանքերով ձեռք բերված» Իսրայել-Իրան զինադադարը և կոչ արել հաստատել տևական խաղաղություն, վերջ դնել Գազայի ճգնաժամին և երկխոսություն սկսել Ուկրաինայի հարցով:
Հանդիպման ընթացքում Էրդողանն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հատկապես էներգետիկայի, ներդրումների և պաշտպանության ոլորտներում համագործակցության մեծ ներուժը՝ նշելով, որ հարաբերությունների զարգացումը կարող է օգնել հասնել 100 միլիարդ դոլարի առևտրի նպատակին:
Նախագահներ Էրդողանն ու Թրամփը, որպես Դաշինքի առաջատար դաշնակիցներ, ընդգծել են ՆԱՏՕ-ի զսպող ներուժի ամրապնդման կարևորությունը:
Անի Վարդանյան























