Ըստ Պենտագոնի հետախուզական նախնական գնահատականի՝ ԱՄՆ-ի հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագիրը և հավանաբար գործընթացները պարզապես հետաձգել են ընդամենը մի քանի ամսով:
Նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ Իրանի միջուկային օբյեկտները «լիովին ոչնչացված են» և մեղադրել է լրատվամիջոցներին «պատմության մեջ ամենահաջողված ռազմական հարվածներից մեկը նսեմացնելու փորձի» մեջ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը հարվածել էր Իրանի երեք միջուկային օբյեկտներին՝ Ֆորդոյին, Նաթանզին և Սպահանին՝ «բունկեր քանդող» ռումբերով, որոնք կարող են թափանցել 18 մետր բետոնի կամ 61 մետր հողի միջով՝ նախքան պայթելը:
Սակայն Պենտագոնի հետախուզական գնահատականին ծանոթ աղբյուրները նշում են, որ Իրանի ցենտրիֆուգները հիմնականում «անվնաս են», իսկ գործունեությունը սահմանափակվել է միայն վերգետնյա կառույցներում:
Երկու միջուկային օբյեկտների մուտքերը փակվել են, իսկ որոշ ենթակառուցվածքներ ոչնչացվել կամ վնասվել են, սակայն օբյեկտների մեծ մասը, որոնք գտնվում են խորը ստորգետնյա հատվածում, խուսափել են պայթյունների հիմնական հարվածից:
Ըստ արտասահմանյան լրատվամիջոցների հետախուզական աղբյուրների՝ Իրանի հարստացված ուրանի պաշարների մի մասը տեղափոխվել էր մինչև հարվածները:
Իր հերթին Իրանի պետական հեռուստաընկերության փոխտնօրեն Հասան Աբեդինին պնդել է, որ ԱՄՆ-ի թիրախավորած երեք օբյեկտները տարհանվել էին « հարձակումից որոշ ժամանակ առաջ», և որ Իրանը «մեծ հարված չի կրել, քանի որ նյութերն արդեն դուրս էին բերվել»:
Մյուս կողմից, ԱՄՆ պաշտոնյաները, ինչպես նաև իսրայելական պաշտոնյաները, առաքելությունը հաջողված են համարել:
Անի Վարդանյան



















































































