Իրանի դատական համակարգին կից Միզան լրատվական գործակալության հաղորդմամբ, 12-օրյա հակամարտության ընթացքում Իրանում ձերբակալվել է 700 մարդ՝ Իսրայելի համար լրտեսության կասկածանքով:
Գործակալությունը հայտնում է, որ չորեքշաբթի օրը մահապատժի է ենթարկվել երեք անձ՝ Իսրայելի Մոսադ հետախուզական գործակալության համար լրտեսության և սպանությունների համար օգտագործվող սարքավորումների մաքսանենգության մեջ մեղավոր ճանաչվելուց հետո:
Գործակալության փոխանցմամբ, մաքսանենգ սարքավորումներն օգտագործվել են նախապես պլանավորված անձանց սպանության համար. հավելյալ մանրամասներ չեն հրապարակվել:
Հիշեցնենք, որ Իրանը նախկինում ևս մահապատժի է ենթարկել մի շարք անձանց, ովքեր մեղադրվել են Մոսադի հետ համագործակցության և երկրի ներսում խմբավորման գործողություններին աջակցելու մեջ: Նման գործերում մեղադրանքները տարբեր են եղել՝ միջուկային գիտնականների սպանությունից մինչև Իրանի միջուկային ծրագիրը խափանելուն ուղղված դիվերսիոն գործողություններ:
Անի Վարդանյան

























































































