«Բուռնաշն» ու իր միլիոնները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը շարունակում է ներկայացնել ԱԺ պատգամավորներին: Այս անգամ էլ կանդրադառնանք ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին (Բուռնաշ):

Նա ծնվել է 1952թ. նոյեմբերի 8-ին Երևանում: 1978թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Մասնագիտությունը` տնտեսագետ:

1970-1972թթ. ծառայել է խորհրդային բանակում: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1974թ. աշխատելով Երևանի մետաքսի կոմբինատում հանգուցակապող, 1974-1977թթ. նույն կոմբինատում` փականագործ, 1977-1978թթ.` Երևանի տրիկոտաժի կոմբինատի տնտեսագետ, ապա ճարտարագետ, 1979թ.` «Հայուղևորտրանս»-ի ավագ տնտեսագետ:

1979-1980թթ. եղել է Երքաղսովետի գործկոմի առևտրի վարչության թիվ 3 սննդառի խանութի վարիչ, 1980-1983թթ.` Երևանի թիվ 6 սննդառի խանութի վարիչի տեղակալ, 1983-1992թթ.` Երևանի թիվ 4 սննդառի խանութի վարիչ:

1988թ. մասնակցել է «Անկախության բանակ» ռազմահայրենասիրական կազմակերպության մարտական գործողություններին (Երասխավան, Նուբարաշեն, Նոյեմբերյան, Լաչին և այլն):

Ռազմական խորհրդի անդամ, շտաբի պետ: 1990թ. ընտրվել է Երևանի Մաշտոցի շրջխորհրդի պատգամավոր:

1993-1999թթ. եղել է «Հրազդան» մարզահամալիրի գլխավոր տնօրեն, 1999 թվականից` «Հրազդան մարզահամալիր Վ.Ձ.» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ:

2002թ. ընտրվել է Երևանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ:

Պատգամավորական գործունեությունը Աղաբաբյանը սկսել է 2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելով թիվ 48 ընտրատարածքից:

2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 33 ընտրատարածքից:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել նույն ընտրատարածքից: 1996թ. պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:

Աղաբաբյանի պատգամավորական գործունեությունը «մաքուր» է. ոչ մի ելույթ և նախաձեռնություն պատգամավորը չի ունեցել: 2003 թվականից ի վեր նա անընդմեջ պատգամավոր է ընտրվել, և այս տարիների ընթացքում աչքի է ընկել միայն իր կարողությունն ավելացնելով ու բիզնես ոլորտը զարգացնելով:

Ըստ parliamentmonitoring.am կայքի տվյալների, Աշոտ Աղաբաբյանը հայտարարագրել է 4 անշարժ գույք. 1 բնակարան Երևանում, 1 բնակելի տուն, 1 վարչական շենք և 1 հյուրանոց Շիրակի մարզում: Հայտարարագրել է 5 ավտոմեքենա:

Տարեկան եկամուտը հաշվետու տարում կազմել է 829 միլիոն 72 հազար դրամ, որից պատգամավորի աշխատավարձը՝ 3 միլիոն 72 հազար դրամ, մնացածը՝ շահաբաժին «Հրազդան» ՓԲԸ-ից և «Եվրոպարկ» առևտրի կենտրոնից:

Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ՝ 200 միլիոն դրամ: Ունի 100% բաժնեմաս` «Հրազդան» ՓԲԸ-ում և «Եվրոպարկ» առևտրի կենտրոնում:

Բոլորը թերևս հիշում են Աշոտ Աղաբաբյան-Ռուբեն Հայրապետյան հակասությունը «Հրազդան» մարզադաշտի շուրջ: Ռուբեն Հայրապետյանը հրապարակավ ասել էր, թե ինքը պատրաստ է մարզադաշտը նորոգել, բայց հայտարարել էր, թե նախ պետք է փոխվի դրա տերը, որ ինքը համոզված լինի իր ներդրումների չկորելու հարցում: Աշոտ Աղաբաբյանն էլ պատասխանել էր, թե մարզադաշտից կհրաժարվի, եթե Սերժ Սարգսյանն ասի:

ԱԺ-ում կարծես թե ավանդույթ է դարձել մականուններ ունենալը:

ՀՀԿ-ական պատգամավորն իր Բուռնաշ մականունը պատերազմի ժամանակ է ստացել: Սակայն նա այնքան էլ համաձայն չէ, որ դա իր մականունն է, այլ դա ուղղակի անուն է, որը պատերազմի ժամանակ իր մարտական ընկերներն են դրել:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս