
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 26–ի նիստում որոշեց մի շարք մարզիկների ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։
Խոսքը Քրիստիան Լյուսիեն Վիտալի, Վարազդատ Լալայանի, Կարեն Ավագյանի, Նարեկ Դալլաքյանի, Բորիս Շատվերյանի և Հայկ Մարտիրոսյանի մասին է։ Նրանք արդեն տարկետում ստացել էին մինչեւ 26 տարեկանը լրանալը։
Քրիստիան Լուսիեն Վիտալը բասկետբոլի Հայաստանի Հանրապետության հավաքականի կազմում է հանդես գալիս,Կարեն Ավագյանը ծանրամարտ մարզաձևում, Նարեկ Դալլաքյանը և Բորիս Շատվերյանը սամբո մարզաձևում։
Տրամադրված տարկետումներից հետո նշված մարզիկները նոր նշանակալի նվաճումներ են գրանցել՝ Կարեն Ավագյանը ծանրամարտի երիտասարդների (մինչև 23 տարեկանների) Եվրոպայի 2021 թվականի առաջնության հաղթող է՝ 1-ին մրցանակակիր, Նարեկ Դալլաքյանը սամբոյի Եվրոպայի 2023 թվականի առաջնության 3-րդ մրցանակակիր և սամբոյի Եվրոպայի 2024 թվականի առաջնության 2-րդ մրցանակակիր է, իսկ Բորիս Շատվերյանը սամբոյի աշխարհի 2023 թվականի առաջնության 2-րդ մրցանակակիր և սամբոյի Եվրոպայի 2023 թվականի առաջնության 3-րդ մրցանակակիր է:
Ինչ վերաբերում է ծանրամարտի Եվրոպայի կրկնակի և աշխարհի առաջնությունների հաղթող Վարազդատ Լալայանին, ապա նա նախապատրաստվում է 2025 թվականի աշխարհի առաջնությանը:
Իսկ Հայկ Մարտիրոսյանը շախմատի Հայաստանի հավաքականի անդամ է: 2017 թվականին նրան շնորհվել է շախմատի միջազգային գրոսմայստերի կոչում: