«Ոչ մի հուսահատ քայլ չի կարող սասանել իրանցիների և զինված ուժերի երկաթե կամքը»,- Իրանի զինված ուժերի շտաբի պետ :
Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավին հայտարարություն է տարածել, որում ընդգծել է իրանական ժողովրդի և զինված ուժերի հաջողությունը երկրի պաշտպանության գործում:
«Սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի հարձակումից հետո մեր քաջարի զինվորականները մոբիլիզացրել են իրենց ուժերը՝ ցավալի և լայնածավալ պատասխան տալով թշնամուն: Չնայած լայնածավալ մեդիա գրաքննությանը, Իսրայելի կողմից բռնազավթված տարածքներում ավերածությունների ապացույցները վկայում են, որ կարևոր ռազմական և հետազոտական կենտրոնները վերածվել են մոխրի», – նշված է հայտարարության մեջ:
«Ինչպես Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, Իրանը երբեք չի եղել և երբեք չի լինի պատերազմի նախաձեռնողը։ Սակայն, եթե որևէ ագրեսիա ուղղված լինի մեր ազգի տարածքային ամբողջականության դեմ, մենք կորոշենք այդ պատերազմի և ներխուժման արդյունքն ու ավարտը »,- հայտնել է նա։
Մուսավին ընդգծել է, որ չնայած ԱՄՆ-ի ուղղակի ներգրավվածությանը և արևմտյան երկրների աջակցությանը, Իրանի զինված ուժերը կարողացել են կանգնեցնել թշնամու ռազմական հարձակումները՝ հասցնելով նրանց ծանր կորուստներ:
Նա հատկապես նշել է, որ Իրանի հրթիռային և անօդաչու համակարգերը հաղթահարել են հակառակորդի օդային պաշտպանության բազմաշերտ համակարգերը:
«Ոչ մի հուսահատ քայլ չի կարող սասանել Իրանի ազգի և զինված ուժերի երկաթե կամքը»,- հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Իսրայելը պատերազմ սկսեց Իրանի դեմ՝ հարվածներ հասցնելով Իրանի միջուկային, ռազմական և բնակելի օբյեկտներին: Հարձակումների հետևանքով զոհվեցին հարյուրավոր իրանցիներ, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականներ, միջուկային գիտնականներ և խաղաղ բնակիչներ:
Ի պատասխան, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերը իրականացրել են 21 հրթիռային հարված իսրայելական տարածքներում գտնվող թիրախների ուղղությամբ՝ «Ճշմարիտ խոստում III» գործողության շրջանակներում:
Անի Վարդանյան

























































































