Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբայովը կոչ է արել Հայաստանին իրականացնել 2020 թվականի զինադադարի պայմանագրի դրույթները, մասնավորապես՝ Զանգեզուրի միջանցքին վերաբերող:
El Mundo-ին տված հարցազրույցում Ամիրբայովն ընդգծել է, որ Հայաստանի կողմից համաձայնագրի պահպանումը կարևոր է տարածաշրջանային կապերի և տնտեսական ինտեգրման համար:
«Մենք Հայաստանից ուզում ենք, որ իրականացնի 2020 թվականին ստանձնած պարտավորությունները», – ասել է Ամիրբայովը: Նա նշել է, որ համաձայնագրի հիմնական դրույթներից մեկը Զանգեզուրի միջանցքով Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անարգել հաղորդակցության ապահովումն է:
«Անարգել հաղորդակցություն նշանակում է, որ Զանգեզուրի միջանցքի 43 կիլոմետրի երկայնքով՝ Ադրբեջանի մի մասից մյուսը, չպետք է լինի որևէ խոչընդոտ», – բացատրել է նա:
Ամիրբայովի խոսքով, Հայաստանի ներկայիս աշխարհաքաղաքական մեկուսացումը պետք է խթանի համաձայնագրի կատարումը: «Հայաստանը ներկայումս լիովին մեկուսացված է: Բոլոր կարևոր ենթակառուցվածքները՝ նավթամուղները, երկաթուղիները, շրջանցում են Հայաստանը», – ասել է նա: «Հայաստանի սահմանները Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ են: Միայն Իրանի և Վրաստանի հետ սահմաններն են բաց»:
Նա ընդգծել է, որ իր պարտավորությունները կատարելով՝ Հայաստանը կարող է նոր հնարավորություններ բացել տնտեսական համագործակցության և տարածաշրջանային կապերի համար: «Հայաստանը կարող է վերջ դնել իր մեկուսացմանը տարածաշրջանում: Եթե հարգի համաձայնագրերը, կարող է դառնալ տարանցիկ երկիր արևելքից արևմուտք և արևմուտքից արևելք ապրանքների հոսքերի և երթուղիների համար», – եզրափակել է Ամիրբայովը:
Անի Վարդանյան






























