
Վրաստանում արդեն 214 օր շարունակվում են բողոքի ցույցերը՝ ի պատասխան իշխող «Վրացական երազանք» կուսակցության որոշման՝ դադարեցնել երկրի ԵՄ ինտեգրման գործընթացը։
Ցուցարարները շարունակում են արգելափակել Թբիլիսիի Ռուսթավելու պողոտան, որտեղ գտնվում է խորհրդարանի շենքը։ Զուգահեռաբար բողոքի ակցիաներ են անցկացվում Վրաստանի այլ խոշոր քաղաքներում։
«Վրացական երազանք»-ի իշխանությունները, որոնց լեգիտիմությունը կասկածի տակ է դրվել 2024թ. հոկտեմբերի 26-ի վիճահարույց խորհրդարանական ընտրություններից հետո, բռնի ուժով են արձագանքում բողոքի ցույցերին, հայտնում են ցուցարարները։
Միակուսակցական խորհրդարանը ընդունել է մի շարք ճնշող օրենքներ՝ ուղղված ընդդիմության, անկախ լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության դեմ։ Տասնյակ մարդիկ, այդ թվում՝ ցուցարարներ, ընդդիմության առաջնորդներ և լրագրող Մզիա Ամագլոբելին, ձերբակալվել են և մնում են բանտում։
Երեկ նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, դիմելով Ռուսթավելու պողոտայում հավաքված հարյուրավոր ցուցարարներին, հայտարարել է. «Ռեժիմը չի հաղթում, և դա ակնհայտ է՝ դատելով նրանից, որ դուք դեռ այստեղ եք։ Մեր պատասխանը նրանց գործողություններին կարող է լինել միայն մեկը՝ միասնություն»։
Ընդդիմության հիմնական պահանջներն են՝ քաղբանտարկյալների ազատ արձակում, «Վրացական երազանք»-ի կառավարության հրաժարական և նոր ընտրությունների անցկացում։
Ընդդիմադիր գործիչ Էլենե Խոշտարիան, ով հացադուլ է հայտարարել, պատրաստ է դադարեցնել այն, եթե ընդդիմությունը համաձայնի բոյկոտել 2025թ. հոկտեմբերին նախատեսված տեղական ինքնակառավարման ընտրությունները։
Հիշեցնենք, որ «Հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ Գիորգի Գախարիան ներկայումս գտնվում է երկրից դուրս։ Հինգ ընդդիմադիր առաջնորդներ դատապարտվել են ազատազրկման՝ Ցուլուկիանիի հանձնաժողովին ներկայանալուց հրաժարվելու համար։
Անի Վարդանյան