Մակրոնը կոչ է արել Իրանին վերսկսել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին կոչ է արել հնարավորինս շուտ թույլատրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) առաքելության վերսկսումը Իրանում։

«Այսօր հեռախոսազրույց ունեցա Իրանի նախագահի հետ», – գրել է Մակրոնը X-ում։ «Իմ ուղերձներն էին՝ պահպանել Միջուկային զենքի չտարածման պայմանագրի շրջանակները և արագ վերսկսել ԱԷՄԳ-ի աշխատանքը Իրանում՝ միջուկային ծրագրի լիակատար թափանցիկությունն ապահովելու համար»։

Նա նաև կոչ է արել Իրանին «վերադառնալ բանակցային սեղան՝ բալիստիկ և միջուկային հարցերը քննարկելու համար» և «հարգել հրադադարը՝ տարածաշրջանում խաղաղություն վերականգնելուն օժանդակելու նպատակով»։

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Իրանի խորհրդարանը հաստատել է ԱԷՄԳ-ի հետ համագործակցության դադարեցման մասին օրինագիծը։ Հունիսի 26-ին փաստաթուղթը հաստատվել է Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից։ Այժմ այն պետք է ուղարկվի նախագահին՝ ստորագրման համար։

Խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իրանը որոշել է ժամանակավորապես դադարեցնել համագործակցությունը գործակալության հետ, քանի որ այն պաշտպանում է Իսրայելին և «պատերազմի հիմք է նախապատրաստում»։

Անի Վարդանյան




Լրահոս