1958-ին MI-6-ը ԿՀՎ-ին է փոխանցել գրական ատոմային ռումբ պարունակող մի փաթեթ: Փաթեթում Պաստերնակի «Բժիշկ Ժիվագո» վեպի լրիվ տեքստի ֆոտոպատճեներն էին. գրում է The Times-ը:
«Պաստերնակը չէր կարող այն հրապարակել Ռուսաստանում, սակայն ձեռագիրը փոխանցել է ինչ-որ մարդկանց: 1957թ. վերջերին MI-6-ը, ըստ երևույթին, պարզել էր, որ պատճեներից մեկը գտնվում է Մալթա ուղևորվող մարդու ուղեբեռում: Այդ ինքնաթիռի թռիչքը հետաձգվել է երկու ժամով, ձեռագիրը գաղտնի կերպով հանվել է նրա ուղեբեռից, լուսանկարվել և կրկին տեղը դրվել», – ասվում է Բեն Մակինթայրի հոդվածում:
Այսպես է սկսվել սառը պատերազմի դարաշրջանի ամենաանսովոր քարոզչական օպերացիաներից մեկը, որի ընթացքում ԿՀՎ-ն ստանձնել է գաղտնի տպարանի դերը՝ տպելով «Բժիշկ Ժիվագոյի» հազարավոր օրինակներ ռուսերեն լեզվով, որոնք պետք է տարածվերին նրա հայրենիքում:
«ԿՀՎ-ն սովորաբար ոչինչ պատահաբար չի անում և սովորական զուգադիպություն չի կարող լինել այն փաստը, որ ԱՄՆ-ն որոշել է հրապարակել այս պատմության մասին փաստաթղթերը` նոր սառը պատերազմի բորբոքման ֆոնի վրա: Ռուսաստանում կրկին հայտնվել է ղեկավար, որը ձգտում է ճնշել այն ամենը, ինչն իրեն դուր չի գալիս, և սովորեցնում է ռուսաստանցիներին, թե նրանք ինչ պետք է կարդան», – գրում է հոդվածի հեղինակը:
Նրա կարծիքով՝ անկախ լրատվամիջոցների վրա ճնշման ուժեղացումը, «Дождь» հեռուստաընկերության դեմ բոյկոտը և իշխանություններին անհաճո մշակույթի դեմ ճնշումները հիշեցնում են խորհրդային դարաշրջանը: Իսկ նախընտրական 2012-ին Պուտինն անգամ կազմել էր 100 գրքի ցուցակ, որը պետք է կարդա յուրաքանչյուր դպրոցական:
«Ռուսաստանը դեռ շարժվում է դեպի այն պահը, երբ գրքերը կարգելվեն, կամ հակառակը` կտարածվեն` կախված այն բանից՝ քննադատում են պետությունը, թե գովում, սակայն Պուտինը շարունակում է ազատորեն գրելու և խոսելու իրավունքի դեմ ոտնձգությունների վաղեմի և խայտառակ ավանդույթը, որը կոմունիստականից հասնում է ցարերի դարաշրջանին», – եզրակացնում է լրագրողը: