
Երևանում կայացավ ձեռնարկատիրության ոլորտի ամենահեղինակավոր և ընդգրկուն հետազոտական հարթակներից մեկի՝ «Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց Հայաստան 2024/2025» հրապարակման շնորհանդեսը: Զեկույցը հրապարակվում է 1999 թվականից ի վեր՝ յուրաքանչյուր տարի հավաքագրելով և ներկայացնելով ավելի քան 500 ցուցանիշ։
Այսպիսով, զեկույցը բացահայտում է ձեռնարկատիրության զարգացման միտումները, առկա մարտահրավերները, ինչպես նաև ձեռնարկատիրական էկոհամակարգերի ներուժը՝ տեղական և գլոբալ մակարդակներում։
«Ամերիա» ՓԲԸ գործընկեր, «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը խոսել է հետազոտության ընդգրկման մասին՝ նշելով, որ արդյունքները բավականին հետաքրքիր են․
«Հետազոտությունն իրականացրել ենք 2024 թվականի ապրիլ-հունիս ամիսների ընթացքում։ Հարցմանը մասնակցել է ավելի քան 2000 Հայաստանի բնակիչներ, բաժանված համպատասխան մարզերով և դեմոգրաֆիայով, կրթության մակարդակով։ Հարցմանը մասնակցել են 37 փորձագետներ։ Արդյունքները բավականին հետաքրքիր են, որովհետև ունեցանք հնարավորություն համեմատելու թե մեր ստացած նախորդ հարցման արդյունքների հետ, թե՛ համեմատելու մեզ աշխարհի տվյալների հետ»,- ասել է Տիգրան Ջրբաշյանը։
Հայաստանը 2-րդ անգամ է միանում այս հեղինակավոր նախաձեռնությանը: Առաջին մասնակցությունը եղել է 2019 թվականին, երբ զեկույցին միացել էր 49 երկիր: 2024 թվականին Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույցի կազմմանը մասնակցել է 51 երկիր։ Այդ երկրների թվում են ինչպես մի շարք զարգացող երկրներ՝ Ղազախստան, Ուկրաինա, Բելառուս, Եգիպտոս, Հորդանան, այնպես էլ՝ զարգացած տնտեսություններ ունեցող երկրներ։
«Ձեռնարկատիրության Հայաստանի առանձնահատկությունները կայանում են նրանում, որ շատ շատ դեպքերում դրանք սոցիալական բնույթ ունեն։ Այսինքն մարդիկ ձեռնարկատիրությամբ զբաղվում են ոչ թե աշխարհը փոխելու համար, այլ տարբեր երկրներում մոտիվացիան տարբեր է։ Հայաստանում դա ուղված է կենցաղային հարցերի լուծմանը, այսինքն՝ որոշակի կենսամիջոցներ հայթայթելուն»,- ասել է ACSES Սոցիալ–տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանը։
«Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույցի 2024/2025» հետազոտությունն ընդգրկել է ավելի քան 161,000 չափահաս ռեսպոնդենտ մասնակից 51 երկրից և ավելի քան 2,400 ոլորտային փորձագետի գնահատական 56 երկրից։
Հայաստանի ազգային զեկույցը կազմված է 8 գլխից, որոնք ներկայացնում են երկրում ձեռնարկատիրության ընդհանուր մակարդակն ու բաշխվածությունն ըստ բնակչության տարբեր խմբերի և տնտեսության ոլորտների: Զեկույցն անդրադառնում է ձեռնարկատիրությանը ու ձեռնարկատերերի հանդեպ վերաբերմունքին, բիզնես սկսելու մարդկանց մոտիվացիային։ Այս և այլ թեմաների մասին խոսել է «Ամերիա» կառավարմանխորհրդատվական ծառայությանհետազոտությունների գլխավոր խորհրդատու Արտաշես Շաբոյանը՝ ընդգծելով․
«Տվյալների հավաստիության տեսանկյունից բավական է ասել միայն այն, որ 20 տարուց ավելի է այս մեթոդաբանության վրա աշխատել են միջազգային հայտնի համալսարանների դասախոսներ և պրոֆեսորներ։ 20 տարի այս մեթոդաբանությունը հղկվել է։ Սա թույլ է տալիս վստահ լինել արդյունքների վրա»։
Զեկույցի մասին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ուղերձում ասվում է. «Այս զեկույցի թողարկումը հատկապես ժամանակին է․ այն ներկայացնում է ձեռնարկատիրության վիճակի օբյեկտիվ և համապարփակ գնահատական Հայաստանում և համեմատում է մեր առաջընթացը գլոբալ համատեքստում»։
Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․