
Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլին հայտնել է, որ վերջին երկու օրվա ընթացքում երկրում գրանցվել է 150 խոշոր հրդեհ, որոնցից վեց դեռևս շարունակվում են։
TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ, երեք հրդեհ առավել մեծ վտանգ է ներկայացնում՝ տարածման սպառնալիքի պատճառով։ Այդ կապակցությամբ Սաքարիա նահանգի երկու շրջան և Բիլեջիքի 11 գյուղ տարհանվել են։ Ընդհանուր առմամբ հրդեհի գոտուց տարհանվել է ավելի քան 300 մարդ։
«Նահանգապետի հրամանով ձերբակալվել է 19 անձ, ովքեր կարող են առնչություն ունենալ հրդեհների բռնկման հետ», – նշել է Յումաքլին։
Նախարարը հայտնել է, որ վնասների մասին տվյալները կհրապարակվեն հրդեհները լիովին մարելուց հետո։
Ընդգծվել է, որ հրդեհների պատճառով ինքնաթիռներին թույլ չի տրվում թռիչք կամ վայրէջք կատարել Իզմիրի Ադնան Մենդերեսի օդանավակայանում։
Անի Վարդանյան