
Վաղը՝ հուլիսի 1-ին, Ազգային ժողովում քննարկվելու է Ազգային ժողովի պաշտոնական կայքէջում արդեն իսկ հրապարակված ՀԷՑ-ը ազգայնացնելու, ինչպես համացանցում որակվել է՝ «ՀԷՑ-ը խլելու», օրենսդրական նախագիծը, որը «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցության հեղինակած նախագիծն է։
Այս նախագիծը վերաբերում է ընդհանուր էներգետիկ ոլորտի ենթակառուցվածքներին, այդ թվում՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին, որի պետականացման գործընթացի մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այսպես՝ նախագծի փաթեթով «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու միջոցով առաջարկվում է նախատեսել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի լիազորությունը՝ նշանակելու ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ, ում անցնելու են ՀԷՑ-ը կառավարելու բոլոր լիազորությունները։
Armlur.am-ը տեղեկացավ, որ այս նախագծի զեկուցողը Կառավարության կողմից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն է։
Սիմոնյանը համակարգում է էներգետիկայի ոլորտը, այդ պատճառով Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հենց նա է գնալու վաղն Ազգային ժողով։ Սակայն նշենք, որ մինչ այժմ նախարարությունում թափուր է հենց էներգետիկայի ոլորտը համակարգող փոխնախարարի պաշտոնը։
Նա 2006 թվականից մինչև 2016 թվականը սովորել է Ռուսաստանի Դաշնությունում, Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանում, իսկ 2013 թվականից 2019 թվականը աշխատել է ՌԴ նույն քաղաքում։ Վերադառնալով Հայաստան 2019 թվականի հունիսին նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ։
Էմմա Միքայելյան