Հայաստանի քաղաքական դաշտում ընթացող վերջին վերաձևումներն առավել տեսանելի են դարձնում այն իրողությունը, որ մեր երկրում քաղաքական դաշտ, որպես այդպիսին, գոյություն չունի: Կան տարբեր խմբակային շահերի շուրջ համախմբված ուժեր, որոնք էլ գրեթե առանց բացառության, համակարգվում են մեկ կենտրոնից` Բաղրամյան 26 -ից:
«Ժողովուրդ»-ը երեկ տեղեկացրել էր, որ անցած վեց տարիներին Հանրապետական կուսակցության հետ իշխանական կոալիցիայի քաղցր պտուղները հաճույքով վայելող «Օրինաց երկիր» կուսակցությունը մեկեն որոշել է դուրս գալ կոալիցիայից և անցնել հակառակ` ընդդիմադիր ճամբար:
Ինչ խոսք, մեկ օրում արմատական ընդդիմությունից իշխանական ճամբար ցատկած ուժի համար հակառակն անելը ևս չպետք է որ դժվար լիներ: Խնդիրն այն է, սակայն, որ դրա համար ՕԵԿ-ին և դրա ղեկավար Արթուր Բաղդասարյանին իշխանությունները պետք է որ լրջորեն նեղացրած լինեին, այնպես, ինչպես դա տեղի ունեցավ 2006-ին, երբ այն ժամանակ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանին գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը որակեց որպես ազգի դավաճան` օտարերկրյա դիվանագետների հետ ՀՀ իշխանությունների մասին ոչ թույլատրելի քննարկումներ ունենալու համար:
Հիմա, սակայն, ՕԵԿ-ին որևէ թթու խոսք չի ասվում, նրանց նախարարական պորտֆելները որևէ մեկը չի վերցնում, Արթուր Բաղդասարյանից էլ ԱԱԽՔ-ի կոչումը կարծես թե չեն խլում: Այդ դեպքում ինչում է խնդիրը, ինչու է ՕԵԿ-ը որոշել մեկեն ընդդիմադիրանալ, և այդ ինչ ՙիրավիճակ է փոխվել», որի մասին երեկ ողջ օրը կիսախորհրդավոր հայտարարություններ էին անում ՕԵԿ-ականները:
Իրականում, պարզից էլ պարզ է, որ որևէ իրավիճակ չի փոխվել, և ընդդիմություն դառնալու մասին ՕԵԿ-ի սպառնալիքային հայտարարություններն ընդամենը նպատակ ունեն խմբագրումներ կատարել ոչ իշխանական քառյակի, և մասնավորապես` «Բարգավաճ Հայաստանի» ծրագրերում` ստիպելով վերջինիս վերանայել իր դիրքորոշումը իշխանափոխության ձգտող ՀԱԿ-ի հետ համագործակցության մասով: Թերևս, ավելորդ է հիշատակել, որ ՕԵԿ-ի այդ քայլը ծրագրված է այդ կուսակցության «կնքահոր»` Սերժ Սարգսյանի նստավայրում:
Հովիկ Աբրահամյանին նշանակելով վարչապետի պաշտոնում` իրականում Սերժ Սարգսյանն ուներ և ունի մեկ նպատակ. վերջնականաապես վերահսկելի դարձնել «Բարգավաճ Հայաստան»-ը: Սակայն քանի որ առայժմ ԲՀԿ առաջնորդը տեղի չի տալիս, կամ էլ Աբրահամյանը բավարար ջանքեր չի գործադրում` խնամուն համոզելու համար, գործարկվում է նորանշանակ կառավարության ծրագիրը ԱԺ-ում տապալելու սպառնալիքը. չմոռանանք, որ առանց ՕԵԿ-ի ձայների ՀՀԿ-ն չի կարողանա ԱԺ-ում հաստատել կառավարության ծրագիրը: Դե, իսկ եթե ԲՀԿ-ն, միևնույն է, տեղի չտա, ՕԵԿ-ին իշխանական կոալիցիայում կփոխարինի ՀՅԴ-ն:
Եթե, իհարկե, Սերժ Սարգսյանը այլ` անսպասելի կոմբինացիաներ չգործարկի և Հայաստանն իր 13-րդ վարչապետին ռեկորդային արագությամբ հրաժեշտ չտա: