Իրան-Իսրայել շարունակվող բախման, պատերազմի ֆոնին Ադրբեջանի դիրքորոշման եւ Իրան-Հայաստան հարաբերությունների մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Հայաքվե» նախաձեռնության անդամ, միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանի հետ:
-Պարո՛ն Սողոմոնյան, արդեն մի քանի օր է շարունակվում է Իրան-Իսրայել պատերազմը: Ըստ Ձեզ՝ ի՞նչ ավարտ է այն ունենալու:
-Իսրայել-Իրան բախումը կահագնանա, եթե դրա մեջ ներաքաշվի Ամերիկան ու Իրանի դեմ իրականացնի հարձակողական գործողություններ: Այդ դեպքում տարածաշրջանում իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից ու կվերածվի մեծ պատերազմի: ԱՄՆ-ում դեռեւս ստույգ որոշում չկա: Ամերիկայի կողմից միջամտությունը կբխի Ադրբեջանի շահերից, եթե իրավիճակը վերահսկողությունից դուրս գա: Այսինքն՝ Իրանն ամբողջապես ներքաշված լինի ռազմական գործողությունների մեջ, ԱՄՆ-ն էլ Ադրբեջանին եւ Թուրքիային թույլ կտա խաղարկելու «Զանգեզուրի միջանցքի» հարցը. սա է մեր հիմնական մտավախությունը: Բայց, դրանից բացի, այլ մտավախություններ եւս կան, մասնավորապես՝ տնտեսական բնույթի: Օրինակ՝ համաշխարհային նավթի փոխադրումների 30 տոկոսը անցնում է Օրմուզի նեղուցով, որը Իրանը վերահսկում է, եւ կարող է այն անանցանելի դարձնել: Դրանից նավթի գները կբարձրանան, որից, դիցուք, Ադրբեջանի անկում ապրող տնտեսությունը կշահի եւ հակառակը: Հայաստան-Իրան բեռնափոխադրումների վերաբերյալ որոշակի ռիսկեր կարող են առաջանալ: Մեզ հետաքրքրում է Իրանի կայուն լինելը:
-Պարո՛ն Սողոմոնյան, պատմությունը մեզ հուշում է, որ Ադրբեջանը մշտապես օգտվել է աշխարհաքաղաքական զարգացումներից: Ըստ Ձեզ՝ հիմա Ադրբեջանն ի՞նչ դիրքորոշում է ընդունելու: Կարեւոր է նաեւ, թե Հայաստանն ինչ դիրքորոշում է ընդունելու Իրանի հետ հարաբերություններում:
-Վերջին տարիներին Իսրայելի եւ Իրանի հետ համագործակցությունն ավելի զարգացել ու խորացել է, հատկապես 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո: Ադրբեջանն իր արսենալում սկսել է շատացնել իսրայելական ծագմամբ զարգացած հրթիռային համակարգեր. մի քանի փաստեր արդեն իսկ հրապարակային են, որոնք ապացուցել են Իսրայել-Իրան լարվածության ժամանակ Ադրբեջանի կողմից Իսրայելի օգտին հակաիրանական գործողությունների մասին, պարզապես Ադրբեջանը դեռեւս դա հրապարակային չի անում, չնայած, որ պետական մակարդակի բարձր պաշտոնյաների խոսույթի վերլուծությունն էլ ցույց է տալիս Ադրբեջանի հակաիրանական տրամադրությունները:
Զրուցեց ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆԸ























