Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից ու նրա ձերբակալությունից ժամեր անց վարչապետը հայտարարում է միլիարդատիրոջ ընկերությանը պատկանող ՀԷՑ-ն ազգայնացնելու, պետականացնելու մասին։
«ՀԷՑ-ը իր գործունեության արդյունքում Հայաստանում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել, եւ հիմա նաեւ վերլուծությունը թույլ չի տալիս հրաժարվել այդ մտքից, որ այդ ամեն ինչը արվել է եւ արվում է Հայաստանում ներքին հանրային ներքին դժգոհություն գեներացնելու համար։ Բայց ես տվել էի հանձնարարական, որ մի ամսվա ընթացքում կա՛մ պետք է հստակ ժողովրդին հասցրած վնասը վերականգնելու մեխանիզմներ դրվեն, կա՛մ ՀԷՑ-ը պետք է ազգայնացվի, այսինքն՝ պետականացվի: Իմ հանձնարարականի օրը լրանում է հունիսի 21-ին», – երեկ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Ավելի վաղ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ում էր մի գրառում արել՝ զգուշացնելով ՀԷՑ-ի բոլոր աշխատակիցներին բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները։ «Ազգայնացումից (պետականացումից) հետո բարեխղճությունը հաշվի կառնվի», – ասված էր գրառման մեջ:
Ինչպե՞ս է պատրաստվում սա իրականացնել Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ Ազգային ժողովում արդեն ՀԷՑ-ն ազգայնացնելու օրենքի նախագիծ կա։
Խորհրդարանական ընդդիմությունը, մինչդեռ, այստեղ օրինական գործընթաց չի տեսնում։
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը տարակուսում է՝ արդյո՞ք սա ԱԺ-ով լուծելու հարց է, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ ավելացնում է, որ նման պայմաններում պետությունը կարող է մասնավոր բիզնեսում մաս ունենալ։
«Եթե կառավարող ուժը նման որոշում կայացնի, խորհրդարանում ունի մեծամասնություն եւ ունի բոլոր հնարավորությունները նաեւ խորհրդարանում այդ պրոցեսը իրականացնելու համար, բայց ընթացակարգային առումով, չգիտեմ, թե ոնց է իրականացվելու:
Հատկապես, երբ գործընթացը, մեկնարկը ապօրինի է, բնականաբար, մենք չգիտենք՝ ինչ նոր անակնկալներ կլինեն, եւ այդ ապօրինությունները ինչպիսի դրսեւորումներ կստանան», – հայտարարեց Աբրահամյանը:
«Օրենսդրական հիմքեր պետությունը չի ստեղծում, եթե բացենք մեր օրենսդրությունը՝ ազգայնացում կամ պետականացում եզրույթը սահմանված չէ: Եթե պետությունը ցանկանում է մասնակցություն ունենալ ձեռնարկությունների կառավարման մեջ, ապա կարող է այդ ձեռնարկությունների բաժնետոմսերը գնել շուկայական արժեքով՝ բաժնետերերի հետ համաձայնությամբ», – իր անդրադարձում ասաց Խաչատրյանը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը ռուսաստանաբնակ միլիարդատիրոջը պատկանող «Տաշիր գրուպ»-ը ձեռք է բերել 10 տարի առաջ՝ 2015 թվականին։
Ընդդիմադիր պատգամավորներն ավելի քան վստահ էին, որ Կարապետյանի հետ տեղի ունեցող գործընթացը ուղիղ անդրադարձ կունենա Հայաստանի՝ միջազգային ներդրումների վրա։
«Սա ընկալում են որպես մարդկանց սեփականության դեմ հարձակում, եւ … բավականին վատ ազդեցություն է ունենալու մեր ներդրումային միջավայրի վրա, եւ Հայաստանի վրա՝ որպես պետություն. այն իմիջային մեծ խնդիրներ է ստեղծելու», – նշեց Տիգրան Աբրահամյանը:
Այս զարգացումներին զուգահեռ՝ երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանաձնաժողովը 10 միլիոն դրամով տուգանեց «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությանը։ 12-էջանոց որոշման մեջ մանրամասն նշված էին ընկերության՝ տեւական ժամանակ թույլ տված խախտումները։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի խոսքով՝ որոշումը կապ չունի Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցող դեպքերին։























