ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՀԱՄԱԼՐՈՒՄ ՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ունի նոր համալրում. բանասիրության դոկտոր, պրոֆեսոր, Կալիֆոռնիայի պետական համալսարանի (Նորթրիջ, ԱՄՆ) դասախոս Վահրամ Շեմասյանը թանգարան-ինստիտուտին է նվիրել տարիների հավաքչական եւ գիտական աշխատանքի արդյունքում  ձեռք  բերած բացառիկ արժեքավոր նյութեր:

 

Շեմասյանի խոսքով՝ այս նյութերի շարքում առանձնանում է 1920-ական թվականներին Ղազիրի (Լիբանան) որբանոցում հայ որբուհիների գործած գորգը, որը մեծ պատմական ու մշակութային նշանակություն ունի:

Պրոֆեսորը նշեց, որ ներկայացված  մյուս նյութերը վերաբերում են Մուսա լեռան հերոսամարտին։

«Այս նմուշները իմ անձնական հավաքածուից են, սրանք բացառիկ նմուշներ են, որոնք ոչ մի արխիվում չկան: Սրանք ես հավաքել եմ տարիների ընթացքում հիմնականում ԱՄՆ-ի տարածքում ապրող գաղթականների հետնորդների ընտանիքներից: Ես վերջին 40 տարիների ընթացքում մեծաթիվ արխիվային նյութեր եմ պեղել աշխարի 12 երկրներից, բայց մարդկանց տներում դեռեւս  շատ անձնական թղթեր կան, որոնք նոր լույս կսփռեն ցեղասպանության վրա, եւ ես աշխատում եմ այդ անձնական թղթերը հայտնաբերելու եւ հավաքելու ուղղությամբ:

Այսօրվա նմուշներում կան մուսալեռցիների տարբեր անցաթղթեր, որոնցով նրանք տեղափոխվել են ԱՄՆ, տարբեր նամակներ եւ ծրարներ, ինչպես նաեւ  Մուսա լեռան տոնակատարություններին նվիրված հայտարարություններ», – ասաց Շեմասյանը:

Նա ընդգծեց՝ շատ կարեւորում է այս արժեքավոր, մեծաքանակ արխիվները հանրությանը հասանելի դարձնելը, ուստի մաս-մաս դրանք կփոխանցի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանը նշեց, որ սա թանգարանի հավաքածուի համար շատ արժեքավոր համալրում էր:

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ունի ֆոնդ, հավաքածու, որտեղ մենք հավաքում ենք ցեղասպանությանը, Արեւմտյան Հայաստանին վերաբերող նյութեր, փաստաթղթեր, լուսանկարներ, վերապրողների կամ զոհերի անձնական իրեր, այսինքն՝ դա մեր գործունեության կարեւորագույն եւ անբաժան մասերից է:

ԱՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս