«Ինձ ոստիկանություն հրավիրել են, եւ հիմնականում քաղաքական խոսույթներ են եղել։ Իմ գնահատմամբ՝ դրանք ծանոթություն էին՝ հասկանալու, թե մարդիկ ինչքանով են պատրաստ տեր կանգնել իրենց երկրին ու հավատքին», – ՀՀԿ-ի կողմից կազմակերպած ուխտերթի ժամանակ ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյանը։ Պատգամավորի համոզմամբ՝ այս ամենը լռեցնելու փորձեր են, որոնք բնորոշ են ՀՀ գործող իշխանությանը։ «Լռեցնելն իրենց որդեգրած քաղաքականությունն է, ովքեր ընդդիմախոս են՝ նրանց փորձում են լռեցնել, թույլ չտալ, որ երկրում այլակարծություն լինի։ Բռնապետական կարգեր են փորձում սահմանել, ինչը մեզանից է կախված՝ կհաջողվի նրանց, թե չէ։
Անդրադառնալով կազմակերպած ուխտերթին` Գալստյանը ողջունել է այն եւ նշել հետեւյալը. «Բոլորիս պարտականությունն էր մասնակցել, ցույց տալ անհայրենիք ու անհավատ գործող իշխանությանը, որ հայ ազգը քրիստոնյա է, եւ մենք թույլ չենք տալու պղծել մեր Եկեղեցին եւ նրա հետ անել այն, ինչ իրենց մտքով անցնի»:
Ստեղծված իրավիճակի վերաբերյալ մի քանի հարց ուղղեցինք Դ. Գալստյանին:
-Պարո՛ն Գալստյան, Դուք վերջերս հրավիրվել էիք ոստիկանություն։ Խնդրում ենք մի փոքր մանրամասներ ներկայացնել։ Ի՞նչն էր պատճառը։
-Բոլորիս պարտականությունն է ցույց տալ այս անհայրենիք, անհավատ իշխանություններին, որ հայ ազգը քրիստոնյա ազգ է։ Մենք թույլ չենք տալու պղծել մեր եկեղեցին, չենք թողնելու անեն այն՝ ինչ իրենք են ուզում։ Ինչ վերաբերում է ինձ ոստիկանություն հրավիրելուն, ապա հիմնականում քաղաքական խոսույթներ են եղել, եւ գնահատականը «ծանոթությունն» էր. ուզում էին հասկանալ, թե մարդիկ ինչքանով են պատրաստ՝ տեր կանգնելու իրենց հավատքին եւ իրենց երկրին։
-Փաստորեն լռեցնելու փորձե՞ր են եղել։ Սամվել Կարապետյանին աջակցություն հայտնողներին Նիկոլ Փաշինյանը նույնպես «լռեցնելու է»։ Սա արդյո՞ք փորձ չէր Արցախի պաշտոնյաներին, պատգամավորներին եւս լռեցնելու։
-Դա իշխանության որդեգրած քաղաքականությունն է։ Այո՛, իրենց ընդդիմախոսներին ուզում են լռեցնել, թույլ չտալ այլակարծություն լինի երկրում, եւ ուզում են բռնապետական կարգեր հաստատել։ Իհարկե, այդ ուղությամբ աշխատում են, իսկ թե իրենց ինչքանով կհաջողվի՝ արդեն մեզնից՝ բոլորիցս է կախված։ Մենք չպետք է թույլ տանք նման կարգեր հաստատվեն Հայաստանում։
Զրուցեց ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆԸ
ԱՄՆ-Ն ԻՐԱԿԱՆԱՑՐԵՑ ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄՆ-ի պատմության մեջ ամենախոշոր ռազմական գործողությունը իրականացվել է Իրանի միջուկային օբյեկտների դեմ, իրականցվել է B-2 Spirit ռմբակոծիչների մասնակցությամբ: Յոթ B-2 Spirit ռմբակոծիչներ մասնակցել են «Կեսգիշերային մուրճ» գործողությանը՝ թիրախավորելով Ֆորդո, Նաթանզ եւ Իսֆահան միջուկային կենտրոնները:
B-2 Spirit-ը՝ տեխնիկական բնութագիրը
Թեւերի բացվածքը՝ 172 ֆուտ (52.4 մետր)
Երկարությունը՝ 69 ֆուտ (21 մետր)
Բարձրությունը՝ 17 ֆուտ (5 մետր)
Քաշը՝ 160,000 ֆունտ (72,575 կգ)
Օգտակար բեռը՝ 40,000 ֆունտ (18,000 կգ)
Առավելագույն արագությունը՝ 628 մղոն (1,010 կմ) ժամում
Թռիչքի հեռավորությունը՝ 6,000 ծովային մղոն (11,100 կմ)
Անձնակազմը՝ 2 օդաչու
Գործողության ընթացքում B-2-ները կիրառել են GBU-57 Massive Ordnance Penetrator (MOP) «բունկեր քանդող» ռումբեր: Ընդհանուր առմամբ նետվել է 14 նման ռումբ: Գործողությանը մասնակցել է ավելի քան 125 ամերիկյան ռազմական ինքնաթիռ:
B-2-ը համարվում է աշխարհի ամենաթանկ ինքնաթիռը՝ մեկ միավորի արժեքը գերազանցում է 2 միլիարդ դոլարը: Ներկայումս ԱՄՆ-ն ունի 19 գործող B-2:
Այս ռմբակոծիչները նախկինում կիրառվել են Սերբիայում (1999թ.), Աֆղանստանում (2001թ.), Իրաքում (2003թ.), իսկ 2025թ.՝ Իրանում: B-2-ի հիմնական առավելությունը «ստելս» տեխնոլոգիան է, որը թույլ է տալիս այն դարձնել գործնականում աննկատելի ռադարների համար:
Պենտագոնի տվյալներով՝ իրանական հակաօդային պաշտպանության համակարգերը չեն հայտնաբերել ռմբակոծիչները, իսկ իրանական կործանիչները չեն բարձրացել օդ: Հարվածների արդյունքում բոլոր երեք թիրախները կրել են «ծանրագույն վնասներ»:
ԱՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ























