Armenian text to speach

ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎ ՍԻՍԻԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեւանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 26-30-ը Երեւանում եւ Սիսիանում։

 

ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 26-ին Հ. Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում։ Փառատոնը կբացվի «Կաննի» 77-րդ միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ մրցույթի մրցանակակիր «Մարդ, ով չէր կարող լռել» ֆիլմով։

Կինոփառատոնի ընթացքում տեղի կունենա «Կինոդպրոց առանց սահմանների. Սյունիք» կրթական ծրագրի փակման արարողությունը։ Ծրագրի շրջանակում Սիսիանի պատանիները եւ երիտասարդները ձեռք են բերել կինոարտադրության ոլորտին առնչվող անհրաժեշտ գիտելիքներ եւ արհեստական բանականության՝ AI-ի միջոցով ստեղծել են իրենց ավարտական ֆիլմը՝ որպես մասնագիտական կարողություններ ձեռք բերելու արդյունքի դրսեւորում։ Փառատոնի միջոցառումները Սիսիանում կշարունակվեն մինչեւ հունիսի 28-ը:

Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ից սկսած, փառատոնային ծրագիրը կշարունակվի Հայաստանի կինոգործիչների միությունում, իսկ ժամը 20։30-ին Երեւանի մանկական զբոսայգում ամֆիթատրոնի հատվածում տեղի կունենա մրցութային ֆիլմերի ցուցադրություն։ Հունիսի 30-ին զբոսայգու ամֆիթատրոնի հատվածում տեղի կունենան փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը եւ մրցանակաբաշխությունը։ Փառատոնային բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։ Հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու միջազգային հեղինակավոր կինոփառատոների մրցանակակիր կարճամետրաժ ֆիլմերը:

8-րդ փառատոնի ընթացքում տեղի կունենան ստեղծագործական հանդիպումներ, դիտում-քննարկումներ, վարպետության դասեր, կլոր սեղաններ, շնորհանդեսներ, փորձի փոխանակում եւ հնարավորությունների ներկայացում։

Մրցութային ծրագիր

Կինոփառատոնի մրցութային ծրագիրը ներառում է միջազգային ծրագիր՝ խաղարկային կարճամետրաժ ֆիլմեր, ազգային ծրագիր՝ խաղարկային կարճամետրաժ եւ վավերագրական ֆիլմեր, ուսանողական ծրագիր՝ խաղարկային կարճամետրաժ եւ վավերագրական ուսանողական ֆիլմեր։

Երեւանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի ստացել է 850-ից ավել հայտ՝ 90 երկրից։ Մրցութային ծրագրում ընդգրկվել է 44 ֆիլմ՝ 23 երկրից (Ղազախստան, Խորվաթիա, Ֆրանսիա, Ռուսաստանի Դաշնություն, Ուզբեկստան, Կուբա, ԻԻՀ, Հունաստան, Թուրքիա, Մեծ Բրիտանիա, Բրազիլիա, Իտալիա, Գերմանիա, Լիբանան, Էստոնիա, Հնդկաստան, Ավստրիա, Ալբանիա, Մալայզիա, Իսպանիա, ԱՄՆ, Արգենտինա, Վրաստան), որից 17-ը՝ ազգային ծրագրում, իսկ 27-ը՝ միջազգային ծրագրում: Հայաստան են ժամանելու արտերկրի կինոգործիչներ՝ ներկայացնելու իրենց աշխատանքները։ Փառատոնի հատուկ հյուրերի կազմում են պրոդյուսերներ, կինոյի ինստիտուտների, փառատոների եւ տարբեր կինոընկերությունների ղեկավարներ։ Հատկանշական է, որ այս տարի նույնպես փառատոնի միջազգային ծրագրում ընդգրկված են հեղինակավոր դասի՝ Բեռլինի, Կաննի, Լոկառնոյի, Սանդենսի, Կառլովի Վարիի, Վենետիկի, Բուսանի, Կրակովի, Տորոնտոյի փառատոների մրցութային ծրագրում մասնակցած եւ մրցանակակիր ֆիլմեր՝ Ֆրանսիայից, Բրազիլիայից, Իտալիայից, Իսպանիայից, ԻԻՀ-ից, Մալայզիայից, Մեծ Բրիտանիայից։

ԱՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ

 




Լրահոս